Տ. Տարոն եպս. Ճերեճյանը պարգեւատրվեց «Սբ. Ներսես Շնորհալի» շքանշանով

Տ. Տարոն եպս. Ճերեճյանը պարգեւատրվեց «Սբ. Ներսես Շնորհալի» շքանշանով 12.08.2003

Օգոստոսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու «Սբ. Ներսես Շնորհալի» պատվո շքանշան հանձնեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Տ. Տարոն եպս. Ճերեճյանին` ի գնահատումն Սրբազան Հոր ազնիվ ու բազմամյա հոգեւոր ծառայության:

Պարգեւատրման առիթը Տարոն Սրբազանի ձեռնադրության 40-ամյակն էր:

«Ահավասիկ, քառասուն տարիներ Դուք քաջ եւ բարի հովվի հանձնառությամբ քահանայագործում եք մեր Եկեղեցու լուսավոր անդաստանում` Ձեր ծառայությունը բերելով սփյուռքում բնակություն հաստատած մեր ժողովրդի զավակներին: Ձեր պաշտոնավարության բոլոր վայրերում` Դամասկոսի եւ Հունաստանի Հայոց Թեմերում, ինչպես նաեւ Ֆրանսիայում Դուք հոգու եւ մտքի Ձեր կարողությունները անձնվիրաբար ի սպաս եք դրել «կենաց խոսքը» հայորդյաց հոգիներում սերմանելու սրբազան առաքելությանը` միշտ հետամուտ, որ օրաւուր զորանա Ձեր հոգեւոր խնամքին հանձնված հայորդյաց հավատն առ Աստված եւ սերը առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայոց Եկեղեցին ու Հայրենիքը մեր:

Ձեր քաջալերանքով եւ Ձեր նախաձեռնությամբ, որպես Հայրապետական Պատվիրակի Փոխանորդ Հարաւային Ֆրանսիայի, հիմնվել են եկեղեցիներ ու կրթական հաստատություններ, իրագործվել են եկեղեցաշեն ու ազգանվեր ծրագրեր` միտված հայ համայնքների զորացմանը եւ հայորդիների հոգեւոր կյանքի նորոգությանը»,- ասված է Հայրապետական սրբատառ կոնդակում, որ ընթերցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը:

Շքանշանի հաձնման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան հայրեր:

Այսուհետ Սրբազան Հայրն, իր իսկ ցանկությամբ, անցնում է վաստակած հանգստի: