Տ. Դանիել աբեղա Ֆընտըգյանին շնորհվեց մասնավոր վարդապետության աստիճան

Տ. Դանիել աբեղա Ֆընտըգյանին շնորհվեց մասնավոր վարդապետության աստիճան 07.08.2003

Օգոստոսի 7-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցավ Նյու Յորքի «Սբ. Ներսես» ընծայարանի տեսուչ Տ. Դանիել աբղ. Ֆընտըգյանի վարդապետական թեզի պաշտպանությունը: Քննիչ հանձնախմբի կազմում էին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, Մայր Աթոռի վարչակազմակերպական գործերի կառավարիչ Տ. Փառեն եպս. Ավետիքյանը եւ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը: Քննիչ հանձնախումբը «Եկեղեցու նավակատիքի հնագույն արարողությունը» պատմաբանասիրական, ծիսական եւ աստվածաբանական ուսումնասիրության համար հայր Դանիելին արժանի համարեց Հայ Եկեղեցու մասնավոր վարդապետության կոչման:

Նույն օրը Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ մասնավոր վարդապետական աստիճանի տվչության արարողություն` ձեռամբ Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանի: Եկեղեցական արարողության ընթացքում նորընծա վարդապետին տրվեց վարդապետական աստիճանի եւ իմաստության խորհրդանիշ հանդիսացող օձագլուխ գավազան: Մասնավոր վարդապետության աստիճանով նրան տրվեց Սբ. Գիրքը եւ եկեղեցու դավանանքը քարոզելու եւ մեկնելու իշխանություն:

***

Տ. Դանիել վրդ. Ֆընտըգյան

Ծնվել է 1962թ. ԱՄՆ Տեքսաս նահանգում:

1980-1985թթ. սովորել է Նյու Յորք նահանգի պետական համալսարանում` ստանալով քիմիկոսի բակալավրի աստիճան: Զուգահեռաբար նույն համալսարանում ուսանել է երաժշտության պատմություն:

1985-1989թ.թ. սովորել է Նյու Յորքի «Սբ. Ներսես» ընծայարանում: Ավարտելով ընծայարանը` պաշտպանել է թեզ «Մեծացուսցէ» շարականների աստվածաբանական ուսումնասիրությունը» թեմայով: Զուգահեռաբար հաճախել է Սբ. Վլադիմիր օրթոդոքս ճեմարան:

1986-1990թթ. սովորել է նաեւ Նյու Յորք քաղաքի համալսարանի երաժշտության բաժնում: 1990թ. ստացել է երաժշտության տեսության եւ պատմության մագիստրոսի կոչում` պաշտպանելով թեզ «Կլավդիո Մոնտեվերդիի մադրիգալների 8-րդ գիրքը» թեմայով:

1989թ. սեպտեմբերի 14-ին, Սբ. Խաչի տոնին, ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Տ. Թորգոմ արք. Մանուկյանի:

1990թ. ժամանել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածին եւ հայագիտության ու եկեղեցագիտության մասնավոր դասընթացներ անցել:

1992-1997թթ. սովորել է Հռոմի Պապական արեւելագիտության ինստիտուտի ծիսագիտության բաժնում: 1997թ. ստացել է դոկտորական աստիճան` պաշտպանելով թեզ` նվիրված Ստեփանոս եպս. Սյունեցու ժամակարգության մեկնությանը:

1997թ. Սբ. Խաչի տոնին, Նյու Յորքի Սբ. Վարդան առաջնորդանիստ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Տ. Խաժակ արք. Պարսամյանի:

Նույն թվականից դասախոսել է «Սբ. Ներսես» ընծայարանում:

2000թ. նշանակվել է «Սբ. Ներսես» ընծայարանի տեսուչ:

2003թ. ստացել մասնավոր վարդապետության 4 աստիճանները` պաշտպանելով թեզ «Եկեղեցու նավակատիքի հնագույն արարողությունը» թեմայով: