Տ. Բագրատ եպս. Գալստանյանի ուխտի պատարագը` Մայր Տաճարում
Հայ եկեղեցում ընդունված կարգի համաձայն, նորաօծ եպիսկոպոսը ուխտի պատարագ է մատուցում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Մայր Տաճարում, Իջման Սբ. Սեղանի առջեւ:
Հունիսի 24-ին Մայրավանքում իր անդրանիկ եպիսկոպոսական ուխտի պատարագը մատուցեց անցած կիրակի Մայր Տաճարում եպիսկոպոս ձեռնադրված եւ օծված Կանադայի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը:
Պատարագի ընթացքում Սրբազան Հայրն իր երախտիքի խոսքն ուղղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ երջանկահիշատակ նախորդ երկու հայրապետներին, որոնց գահակալության տարիներին սկսել ու շարունակում է հոգեւորականի իր ուղին` մշտապես առաջնորդվելով Տերունական «Ուր ես եմ, այնտեղ կլինի եւ իմ ծառան» պատգամով: Նորաօծ Սրբազանն իր ողջույնը հղեց նաեւ բոլոր նրանց, ովքեր ուղեկից են եղել իրեն այդ ճանապարհին, ինչպես նաեւ մասնավոր երախտագիտություն հայտնեց պատարագին ներկա Կանադահայոց թեմական խորհրդի անդամներին, այն վստահության համար, որ ցուցաբերել են իր անձի հանդեպ` կոչելով Կանադայի թեմակալ առաջնորդի բարձր պաշտոնին: