Վիրահայոց թեմի ուխտագնացությունը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին
Մայր տաճարում Ուխտի պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը
Հուլիսի 20-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածինն ընդունեց հերթական ուխտավորներին: Մայր Տաճարի օծման 1700-ամյակի առիթով Սբ. Էջմիածին էր ժամանել վրաստաբնակ ուխտապահ ժողովուրդը` Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի առաջնորդությամբ: Ուխտավորների շարքերում էին թեմական եւ համայնքային կառույցների ղեկավարներ` վիրահայոց թեմի թեմական խորհրդի անդամ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթյանը, Աջարիայի հայերի «Վերածնունդ» միության նախագահ Արմեն Գեւորգյանը, Ծալկայի շրջանային խորհրդի նախագահ Ռազմիկ Անեսյանը, հայկական ռադիոյի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը, ներկայացուցիչներ Վրաստանի հայերի միությունից, բազմաթիվ ուխտավորներ Թբիլիսիից, Բաթումիից, Ջավախքից, Ծալկայից եւ այլ վայրերից:
Մայր Տաճարում Ուխտի պատարագ մատուցեց Վազգեն Սրբազանը, որ մեկ ամիս առաջ այս նույն տաճարում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ստացավ եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում:
Հանուն Նորին Սրբության` ուխտավորներին ողջունեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ վրդ. Խաչատրյանը: Հայր Սուրբը մասնավորապես նշեց, որ Վիրահայոց թեմը հարուստ ավանդույթներ ունեցող մի թեմ է, որ երկար տարիներ կարեւոր դերակատարություն է ունեցել եւ այսօր էլ շարունակում է ունենալ Սբ. Էջմիածնի հոգեւոր առաքելության մեջ:
Ապա ուխտապահ ժողովրդին դիմեց պատարագիչ Սրբազան Հայրը: Վազգեն Սրբազանն անդրադարձավ Սբ. Էջմիածնի խորհրդին` հորդորելով հավատարիմ մնալ Մայր եկեղեցուն եւ լուսավորչահաստատ Սբ. Աթոռին:
«Մենք այսօր բոլորս այն ուխտավորներն ենք, որ գալիս ենք այստեղ մեր ուխտը հաստատելու, զորանալու Մայր Աթոռ Սբ. Էջմիածնով եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը ստանալով...
Մարդն առանց Քրիստոսի ոչ ոք է, եւ հայն առանց Սբ. Էջմիածնի, առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսության` ոչինչ: Սա է մեր ուժն ու զորությունը.... Եւ եթե դույզն իսկ չափով կորցնենք Էջմիածնի խորհուրդը, կդադարենք հայ լինելուց, կզրկվենք հայի մեր տեսակից ու մեր կերպից... Ամենամեծ սերը, որ մենք կարող ենք կենդանի կերպով տածել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի նկատմամբ, դա մեր հավատարմությունն ու հարազատությունն է այս աթոռին...»,- ասաց Սրբազան Հայրը, մատնանշելով նաեւ Սբ. Էջմիածնի պատմական դերը Հայ պետականության զորացման գործում:
Հավարտ Սբ. Պատարագի Վեհարանում տեղի ունեցավ ընդունելություն: