Վիեննայի պետական համալսարանի դասախոսներն ու ուսանողներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մայիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Քրիստոնեությունը Կովկասում. Սուրբ Հռիփսիմեի և Սուրբ Նունեի հետքերով» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած Վիեննայի պետական համալսարանի թվով 32 դասախոսների և ուսանողների՝ Կաթոլիկ աստվածաբնության ֆակուլտետի Ծիսագիտության և խորհուրդների աստվածաբանության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Հ. Յ. Ֆոյլների ու Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրության և հայրաբանության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ռուդոլֆ Պրոկշինի առաջնորդությամբ: Խմբին ուղեկցում էր նույն համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը:
Նորին Սրբությունը, ողջունելով համալսարանի ուսանողների և դասախոսների այցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, գոհունակություն արտահայտեց, որ համալսարանն ուսանողներին հնարավորություն է ընձեռում իրենց դասախոսների ուղեկցությամբ այցելելու քրիստոնեական մշակույթ ունեցող երկրներ և հաղորդ դառնալու դրանց հոգևոր արժեքներին ու ժառանգությանը: Վեհափառ Հայրապետը նաև շնորհակալություն հայտնեց պրոֆեսոր Ֆոյլներին՝ Մայր Աթոռի և համալսարանի միջև հաստատված սերտ կապերի առնչությամբ, որոնց շնորհիվ Մայր Աթոռի միաբաններն իրենց բարձրագույն կրթությունը շարունակում են Վիեննայի նշանավոր կրթական հաստատությունում:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը պատասխանեց համալսարանականների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու կողմից Հայոց Ցեղասպանությունից հետո և խորհրդային տարիներին դիմագրաված դժվարություններին, արդի մարտահրավերների հաղթահարմանը, հոգևորականների պատրաստությանը և Հայոց Եկեղեցու հարաբերություններին Քույր Եկեղեցիների հետ:
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով ներկաներին, Աստծու Ամենազոր Աջի պահպանությունը մաղթեց դասախոսներին և ուսանողներին համալսարանական իրենց ծրագրի իրականացման համար:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Վիեննայի համալսարանի խումբը Մայր Տաճարում մասնակցեց նաև Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնի առիթով մատուցված Ս. Պատարագին: