Վերաօծվեց Ապարանի Սբ. Խաչ եկեղեցին
Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս Մայր Աթոռի միաբան հայրերի ուղեկցությամբ մեկնեց Արագածոտնի թեմ` վերաօծելու Ապարանի Սբ. Խաչ եկեղեցին:
4-րդ դարի բազիլիկ այս եկեղեցին ավերվել եւ չէր գործում խորհրդային տարիներից ի վեր: Այսօր եկեղեցին վերականգնված է շնորհիվ սփյուռքահայ եւ հայաստանաբնակ մի շարք եկեղեցասեր բարերարների: Նրանց թվում են հալեպաբնակ տեր եւ տիկին Երվանդ եւ Ատրինե Շաքլյանները, Լեւոն եւ Մարի Նահիկյանները` Նիկոսիայից, հայաստաբնակ Հովհաննես Մարգարյանը, Երվանդ Ֆրանգուլյանը, Վրեժ Մարկոսյանը եւ այլոք:
Ձեռամբ Վեհափառ Հայրապետի վերաօծվեց եկեղեցու սբ. սեղանը, ապա երկար տարիների ընդմիջումից հետո եկեղեցում մատուցվեց սբ. պատարագ:
Եկեղեցու վերաօծման առիթով Նորին Սրբությունը շնորհավորեց բոլոր ներկաներին, իր գնահատանքը հայտնեց բարերարներին եւ բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Հայոց Հայրապետը իր մասնավոր գնահատանքը հայտնեց նաեւ Ապարանի հավատավոր ժողովրդին, ասելով. «Գիտեմ ականատես իմ ծնողներից, թե ինչպես խորհրդային տարիներին խոնարհվել է այս եկեղեցին, թե ինչպես եկեղեցու քահանաները ստալինյան բռնապետության տարիներին աքսորվել են եւ իրենց մահկանացուն կնքել հեռավոր Սիբիրում, թե ինչպես նրանք Ղեւոնդյանց քահանաների ոգուն ու նկարագրին հավատարիմ, չեն ուրացել իրենց հավատքը, եւ նախընտրել են մահն առավել, քան ուրացությունը Փրկչի` Հիսուսի Քրիստոսի: Ահա այդ հավատով է կանգուն մնացել այս եկեղեցին 4-րդ դարից ի վեր: Այդ հավատքը պահել ու պահպանել է ձեզ եւ մշտապես ձեր ջանքերը, ճիգերը, պայքարն ու պատերազմները հաղթանակով պսակել»:
Չնայած այն բանի, որ եկեղեցին երկար տարիներ մատնված է եղել անգործության, հավատավոր ապարանցիների համար այն մշտապես մնացել է որպես սրբազան աղոթատուն: Իսկ վերջին տասը տարիների ընթացքում Ապարանի հավատացյալ համայնքին հնարավորություն էր ընձեռվել ամեն կիրակի ներկա լինելու սուրբ պատարագի, որ մատուցվում էր օծյալ վեմ քարի վրա:
Վերաօծված եկեղեցուն Վեհափառ Հայրապետը նվիրեց հաղորդության սկիհ, որից Տիրոջ մարմնին ու արյանը կհաղորդվեն եկեղեցու հավատացյալները:
Սրբազան արարողությանը ներկա էին Արագածոտնի մարզպետը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հավատացյալներ: Եկեղեցու օծման առիթով Հայաստան էին ժամանել նաեւ տեր եւ տիկին Շաքլյանները: