Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ
Մարտի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, անդրադարձավ վերապատրաստման դասընթացների ընթացքին և դրանց արդյունավետությանը։
Այնուհետև Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը բերելով հոգևոր հայրերին, կարևորեց վերապատրաստման այս դասընթացները, որոնք հնարավորություն են ընձեռում տարբեր թեմերից ժամանած հոգևորականներին հաղորդակից լինելու Սուրբ Էջմիածնի խորհրդին և առաքելությանը, ինչպես նաև իրենց ուխտը վերանորոգելու և միմյանց հետ հոգևոր փորձառությամբ փոխանակվելու։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց քահանա հայրերին առավել ջանասիրությամբ շարունակել իրենց նվիրյալ ծառայությունն ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի։
Հանդիպմանը հոգևորականների անունից Ամենայն Հայոց Հայրապետին ողջունեց Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմի Պյատիգորսկի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Արամ ավագ քահանա Հունանյանը։
Տեր Հայրն իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին դասընթացների կազմակերպման համար՝ վստահեցնելով, որ դրանք իրենց օգտակարությունն են բերում եկեղեցականների հովվական ծառայությանն առավել արդյունավորման գործում։