Վեհափառ Հայրապետն ընդունեց Սիրիայի գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատար Հասան Ռասլանին

Հուլիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատար Հասան Ռասլանին:

Ողջունելով նորանշանակ հավատրամատարի այցը հայոց հոգեւոր կենտրոն` Վեհափառ Հայրապետն անդրադարձավ երկու երկրների միջեւ առկա ջերմ հարաբերություններին, վստահություն հայտնեց, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ խորանալ տարբեր մակարդակներում ու ոլորտներում: Վեհափառ Հայրապետը նշեց նաեւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի եւ Ասորի Ուղղափառ Եկեղեցու միջեւ եղբայրական կապերը: Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց, որ այսօր Սբ. էջմիածնի երիտասարդ միաբաններից մեկը իր ուսումնառությունը շարունակում է Դամասկոսում` Ասորի Ուղղափառ Եկեղեցու Սբ. Եփրեմ Աստվածաբանական ճեմարանում:

Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ 2001 թ. Հայոց Մեծ եղեռնի տարելիցին Դեր Զոր կատարած իր այցելությանը, որը երկու ժողովուրդների միջեւ եղբայրական հարաբերությունների զարգացման մի նոր առիթ հանդիսացավ:

Հանդիպման ավարտին պրն. Ռասլանը, շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ընդունելության համար, հավաստեց, որ նույն եռանդով կշարունակի իր նախորդների աշխատանքը: