Վեհափառ Հայրապետը պատասխանել է լրագրողների հարցերին

Վեհափառ Հայրապետը պատասխանել է լրագրողների հարցերին 07.12.2018

- Այսօր հոգևոր դասով և Հայաստանի Հանրապետության նախագահի մասնակցությամբ կատարեցինք հոգեհանգստյան պաշտոն` աղոթելով երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար, աղոթելով նաև ապրողաց` այն անձանց համար, որոնք կորցրեցին ծնողներ և զավակներ, որոնք կորցրեցին հարազատներ, նրանց հոգիների խաղաղության համար:
 
Երեսուն տարի է անցել, սակայն ցավը ոչ միայն կորուստ ունեցած անձանց հոգում է, այլ մեր ողջ ժողովրդի զավակաց հոգում է, և մենք բոլորս այդ ցավն ապրում ենք` նաև տեսնելով, որ տակավին ամբողջությամբ վերացված չեն հետևանքները մահաբեր այդ երկրաշարժի, այդ աղետի:
 
Մխիթարություն է մեզ համար, որ հայրենի իշխանությունները ջանքեր են գործադրում, որպեսզի կարողանանք վերացնել հետևանքները այդ ավերների, և արդեն իսկ տեսնում ենք Գյումրիի վերանորոգության, վերաշինության ընթացքը: Այս առումով նաև Եկեղեցին փորձում է իր աջակցությունը բերել այն անձանց, որոնք տակավին կարիքի ու դժվարությունների մեջ են և ապրում են տնակներում: Փոքրիկ մի նպաստ է, որ Եկեղեցին ցանկանում է իր հնարավորությունների շրջագծում աշխարհասփյուռ իր թեմերի օժանդակությամբ իրականացնել` թեթևացնելով հոգսը այդ կարիքավորների, աղետից տուժած հայորդիների: Աստված թող օգնական լինի բոլորին, Աստված թող Իր խաղաղությունը տարածի մեր հայրենիքի մեր ժողովրդի վրա: