Վարդապետական լանջախաչի շնորհում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հունիսի 12-ին Ն․Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վարդապետական լանջախաչ շնորհեց Կ. Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Տամատյանին, ով ձեռամբ Մայր Աթոռի Արարողակարգային և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, հունիսի 11-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ արժանացել էր մասնավոր վարդապետական աստիճանի:
Նաթան Սրբազանը, նորընծա վարդապետին ներկայացնելով Նորին Սրբությանը, հայցեց վերջինիս օրհնությունը:
Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքը բերելով Հոգեշնորհ Հայր Սուրբին թեզի հաջող պաշտպանության և վարդապետական աստիճանին արժանանալու առիթով, վստահություն հայտնեց, որ նորընծա վարդապետը առավել ջերմեռանդությամբ ու նախանձախնդրությամբ կշարունակի իր առաքելությունը։
Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վարդապետական ականակուռ լանջախաչով զարդարեց Հարություն վարդապետի կուրծքը, և ‹‹Պահպանիչ›› աղոթքով օրհնեց նրան: