Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Դեկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն:
Մասնավոր վարդապետության աստիճանի համար թեզեր պաշտպանեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երկու միաբաններ: Շվեդիայի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Անդրանիկ աբեղա Գևորգյանը պաշտպանության էր ներկայացրել «Դ դարի երրորդութենաբանական հերձվածները և Հայ Եկեղեցին (ըստ վաղ հայրաբանական և դավանաբանական գրականության)» թեմայով թեզը, իսկ Հնդկահայոց հոգևոր հովիվ և Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանը` «Արդարացի պատերազմի տեսությունը» թեմայով թեզը:
Քննող հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը (նախագահ), Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Անդրանիկ աբեղայի թեզի ընդդիմախոսն էր փ.գ.թ., դոցենտ Պարգև Բարսեղյանը: Հայր Մովսեսի թեզի վերաբերյալ ընդդիմախոսական ճառով հանդես եկավ փ.գ.դ. Հակոբ Քեոսեյանը:
Հոգեշնորհ Տ. Անդրանիկ աբեղա Գևորգյանը և Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանը իրենց հերթին ներկայացրին թեզերը, պատասխանեցին հանձնաժողովի անդամների և ներկաների հարցերին, լուսաբանություններ տվեցին ընդդիմախոսների դիտարկումների առնչությամբ:
Պաշտպանության ավարտին հանձնախմբի անդամները դրական եզրակացություն տվեցին կատարված աշխատանքի վերաբերյալ` արժանի նկատելով աբեղաներին մասնավոր վարդապետության աստիճանի տվչության: