Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Մարտի 15-ին Մայր Աթոռ Սբ© Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի երեք միաբան հայրերի վարդապետական թեզերի պաշտպանություն:

Տ. Շահե արք. Աճեմյանի նախագահությամբ քննիչ հանձնախումբը «Խոսք եւ ներշնչում» թեմայով թեզի համար ծայրագույն վարդապետի աստիճան շնորհեց Մյուռոն վարդապետ Գըվըգյանին: Մասնավոր վարդապետի աստիճանի արժանացան Սեւանի Վազգենյան դպրանոցի տեսուչ Տ. Բագրատ աբեղա Գալստանյանը` «Հիվանդաց օծման խորհրդի խնդիրը Հայ եկեղեցում» եւ Տ. Աշոտ աբեղա Մնացականյանը` «Անառակ որդու առակը մեկնողական գրականության մեջ» թեզերի համար:

Հայ եկեղեցում վարդապետության աստիճան շնորհվում է աստվածաբանական ոլորտում գիտական ուսումնասիրություն կատարած կուսակրոն քահանաներին, որոնց տրվում է քարոզելու, Սբ. Գիրքը եւ եկեղեցու դավանանքը մեկնելու իշխանություն: Ինքը վարդապետ բառը նշանակում է ուսուցիչ: Վարդապետությունն ունի տասնչորս աստիճան, որոնցից առաջին չորսը մասնավոր վարդապետության աստիճաններ են, իսկ մնացած տասը` մեծ կամ ծայրագույն վարդապետության: Վարդապետական աստիճան կարող են շնորհել միայն վարդապետական աստիճան ունեցող եպիսկոպոսները կամ ծայրագույն վարդապետները:

Վաղը` մարտի 16-ին, Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի կունենա ծայրագույն վարդապետական եւ մասնավոր վարդապետական աստիճանների տվչության արարողություն` ձեռամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանի եւ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի:

Ըստ ձեռնադրության «Մաշտոցի», վարդապետական աստիճանի տվչության կարգը սահմանել է հայ եկեղեցու մեծագույն վարդապետ Սբ. Գրիգոր Տաթեւացին: Եկեղեցական արարողության ընթացքում նորընծա վարդապետներին կտրվեն օձագլուխ գավազաններ` իբրեւ վարդապետական աստիճանի եւ իմաստության խորհրդանիշ: