Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ձեռնադրվեցին 5 նոր քահանաներ
Փետրվարի 27-ին, Սրբոց Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ Արք. Մարտիրոսյանի քահանայական ձեռնադրություն եւ օծում ստացան 5 սարկավագներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սբ. Պատարագ, որի ընթացքում ձեռնադրող Սրբազան Հայրը մեկառմեկ օծեց ընծայացուների ճակատները, աջ եւ ձախ ձեռքերի ափերը` նոր անուններով կոչելով նրանց. Արտավազդ սրկ. Զաքարյանը վերակոչվեց Տ. Խորեն քահանա, Խաչիկ սրկ. Ավետիսյանը` Տ. Եղիշե քահանա, Արմեն սրկ. Առաքելյանը` Տ. Կորյուն քահանա, Մհեր սրկ. Ծատուրյանը` Տ. Տաճատ քահանա, Արիստակես սրկ. Նավասարդյանը` Տ. Վարդան քահանա:
Ձեռնադրությունից հետո Ավագ Սբ. Խորան բարձրացան Վեհափառ Հայրապետը, Սրբազան Հայրերն ու միաբանները եւ համբուրելով քահանաների Սրբալույս Մյուռոնով օծված ճակատներն ու ձեռքերը` շնորհավորեցին նրանց:
Ս. Պատարագի ավարտին Մայր Աթոռում տեղի ունեցավ սրբոց Վարդանանց նվիրված հանդիսություն, որի ժամանակ Ս. Էջմիածնի միաբանությունը, պաշտոնեությունը, Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի սաները եւ ներկա բարեպաշտ հայորդիները շնորհավորեցին Նորին Սրբությանը անվանակոչության օրվա առիթով:
Նույն օրը, երեկոյան ժամերգության ընթացքում կատարվեց նորաօծ հինգ քահանաների վեղարի տվչության եւ աբեղայի օրհնության կարգը:
***
Վարդանանց տոնին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում նշվում է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրը: Այս առիթով հընթացս Սբ. Պատարագի կատարվեց Հայրապետական մաղթանք: