Վախճանվել է Վիրահայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գեւորգ արք. Սերայդարյանը
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից խոր ցավով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Թբիլիսիում անակնկալ վախճանվել է Մայր Աթոռի ավագագույն եկեղեցականներից Վիրահայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գեւորգ արք. Սերայդարյանը:
Հանգուցյալ սրբազանը երեսուն տարիներ հոգեւոր առաջնորդն էր Վիրահայոց թեմի` արժանիորեն վաստակելով սերն ու հարգանքը վիրահայության: Մայր Աթոռում մշտապես բարձր է գնահատվել Սրբազան Հոր ծառայասիրությունը, ազնվությունն ու անկեղծությունը եւ Սբ. Էջմիածնի հանդեպ անսակարկ հավատարմությունը:
Գերշ. Տ. Գեւորգ արք. Սերայդարյանը (ավազանի անունով` Կարպիս) ծնվել է 1938թ© Բուխարեստում: 1948թ. հայրենադարձվել է Հայաստան: 1956թ. Երեւանում միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընդունվել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հոգեւոր ճեմարան: 1962 թ. ավարտելով ճեմարանը` ձեռնադրվել է սարկավագ: 1964թ© ձեռնադրվել է կուսակրոն քահանա, իսկ մեկ տարի անց ստացել վարդապետական աստիճան: 1968-1971թթ. հոգեւոր ծառայության է անցել Դոնի Ռոստովում: 1972թ. Ամենայն Հայոց Վազգեն Ա կաթողիկոսի սրբատառ կոնդակով նշանակվել է Վրաստանի հայոց առաջնորդական տեղապահ, իսկ 1973թվականից` առաջնորդ վիրահայոց թեմի: 1973թ© ստացել է ծայրագույն վարդապետական աստիճան եւ նույն թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս: 1995թ. արժանցել է արքության պատվի: Եղել է Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ: 1971թվականից Գեւորգ սրբազանն էր կազմում ու խմբագրում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի պաշտոնական օրացույցները:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբանությունը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, պաշտոնեությունը եւ հավատացելոց դասը խորապես սգում է Սրբազան Հոր անժամանակ մահը եւ աղոթում հանգուցյալի հոգու հանգստության համար:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի: