Վախճանվել է Նորավանքի հոգեւոր տեսուչ Տ. Զավեն աբեղա Հակոբյանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից սրտի խոր կսկիծով հայտնում ենք, որ օգոստոսի 8-ին Եղեգնաձորից Նորավանք վերադարձի ճանապարհին ավտովթարի դժբախտ պատահարից վախճանվել է Նորավանքի հոգեւոր տեսուչ Տ. Զավեն աբեղա Հակոբյանը:
Տ. Զավեն աբեղա Հակոբյանը (ավազանի անունը` Արման) ծնվել է 1977թ. մայիսի 12-ին, Էջմիածին քաղաքում:
1984-1992թթ. սովորել է Էջմիածնի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում:
1989 թվականից ծառայել է Էջմիածնի Ս. Աստվածածին եկեղեցում:
1992-1994թթ. ուսանել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում:
1995թ. ընդունվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարան եւ 2000թ. ավարտել այն:
2000-2001թթ. մասնակցել է Ամերիկյան համալսարանում կազմակերպված մենեջմենտի դասընթացներին:
2001 թվականից սովորում էր ԵՊՀ-ի Իրավաբանական ֆակուլտետում:
2000-2004թթ. աշխատել է Կաթողիկոսարանում` որպես գործավար քարտուղար:
2002թ. դեկտեմբերի 24-ին` Ս. Ստեփանոս նախավկայի տոնին, ձեռամբ Տ. Ներսես արքեպս. Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ:
2003թ. ապրիլին պաշտպանել է ավարտաճառ` «Տ. Գյուտ ավագ քահանա Աղանյանց. կյանքը, հոգեւոր-հասարակական գործունեությունը, գիտագրական ժառանգությունը» թեմայով:
2004թ. ապրիլից նշանակվել է աշխատանքի Մայր Աթոռի Ճարտարապետա-շինարարական բաժնում:
2004թ. մայիսի 2-ին, ձեռամբ Տ. Աբրահամ եպս. Մկրտչյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
2005թ. փետրվարի 1-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նշանակվել էր Նորավանքի հոգեւոր տեսուչ:
Ծառայության մեջ հոգելույս Հայր Սուրբը դրսեւորել է իրեն որպես ծառայասեր, նվիրյալ եւ նախանձախնդիր հոգեւորական:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խոր վշտով սգում են երիտասարդ, հավատավոր ու ազնիվ միաբանի վաղաժամ մահը:
Հոգելույս Հայր Սուրբի մարմինը օգոստոսի 10-ին, ժամը 18:00-ին կդրվի Սբ. Գայանե վանքում հրաժեշտի համար, ժամը 19:00-ին կկատարվի եկեղեցու կարգ: Օգոստոսի 11-ին, ժամը 10:30-ին, հընթացս Սբ. Պատարագի կկատարվեն հանգուցյալ Հայր Սուրբի վերջին օծման եւ հուղարկավորության արարողությունները: Հայր Սուրբի մարմինը կամփոփվի Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը:
«Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի, ամէն»: