Վախճանվել է Գերշ. Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից խոր ցավով տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 2-ին, երկոյան ժամը 8-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում անակնկալ, սրտի կաթվածից վախճանվել է Գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը:
Հանգուցյալ սրբազանը, լինելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբան, վերջին տարիներին բնակություն էր հաստատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ իր ծառայությունն էր բերում Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը եւ Հայրենիքին:
Մայր Աթոռում մշտապես բարձր է գնահատվել Սրբազան Հոր հոգեւոր, մշակութային, հասարակական գործունեությունը, Հայաստանում քրիստոնեությունը իբրեւ պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների կազմակերպման գործում նրա մեծագույն ավանդը, ինչպես նաեւ հայագիտական եւ գրական բազմավաստակ ծառայությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, պաշտոնեությունը եւ հավատացելոց դասը խորապես սգում է Սրբազան Հոր անժամանակ մահը եւ աղոթում հանգուցյալի հոգու հանգստության համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հանուն Ամենայն Հայոց Հայրապետության հոգեւոր դասի եւ պաշտոնեության, ցավակցություններ է հայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:
Սրբազան Հոր հուղարկավորությունն իր կամքի համաձայն կատարվելու է Անթիլիասում:
Դեկտեմբերի 7-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, հավարտ Սբ. Պատարագի կկատարվի հոգեհանգստյան արարողություն Սրբազան Հոր հոգու հանգստության համար:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
***
Մեսրոպ. արք. Աշճյանը (ավազանի անունով` Հրայր) ծնվել է 1941թ. հունվարի 3-ին, Բեյրութում:
Նախնական կրթությունը ստացել է Բեյրութի Սբ. Նշան ազգային վարժարանում:
1957-1961թթ. սովորել է Անթիլիասի Դպրեվանքում:
1961թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
1962-1963թթ. Շվեյցարիայում, ապա` ԱՄՆ-ում հետեւել է առանձին դասընթացների:
1963թ. ստացել է վարդապետական աստիճան:
1964-1970թթ. Անթիլիասում եւ Հալեպում կատարել է ուսուցչական եւ դասախոսական աշխատանքներ, եղել «Հասկ»-ի խմբագիր:
1970թ. մեկնել է ԱՄՆ եւ Նյու Ջըրսիի Բրինստոնի աստվածաբանական համալսարանում ուսանել աստվածաբանություն, եկեղեցական պատմություն, ծիսագիտություն, ստացել մագիստրոսի աստիճան Ներսես Լամբրոնացու «Հռոմկլայի ճառ»-ի մասին գրած ուսումնասիրության եւ թարգմանության համար, ստացել նաեւ մագիստրոսի երկրորդ աստիճան:
1973-1977թթ. Իրանում (Սպահան, Նոր Ջուղա) վարել է առաջնորդի պաշտոն:
1977թ. ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան շրջանի եւ Կանադայի թեմի առաջնորդ:
1976թ. ստացել է ծայրագույն վարդապետական աստիճան:
1977թ. ձեռնադրվել է եպիսկոպոս` ձեռամբ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Աթոռակից Կաթողիկոսի:
1983թ. արժանացել է արքության պատվի:
1993թ. Երեւանում հիմնել է «Ներսես Մեծ» բարեգործական հիմնադրամը:
1996-2000թթ. Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում վարել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի գրասենյակի վարիչ-տնօրենի պաշտոնը:
2001թ. Երեւանում հիմնել է «Մուղնի» հրատարակչությունը:
Տ. Մեսրոպ արք. Աշճյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է: Նրան շնորհվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում: