Վախճանվել է Գերշ. Տ. Կյուրեղ եպիսկոպոս Գաբիկյանը

Վախճանվել է Գերշ. Տ. Կյուրեղ եպիսկոպոս Գաբիկյանը 08.01.2004

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը ցավով տեղեկացնում է, որ 2003թ. դեկտեմբերի 30-ին, երկարատեւ հիվանդությունից հետո, կյանքի 82-րդ տարում, վախճանվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սբ. Հակոբյանց վանքի միաբան Գերաշնորհ Տ. Կյուրեղ եպիսկոպոս Գաբիկյանը։

Երջանկահիշատակ Սրբազանը ծնվել է 1921թ. Երուսաղեմում։ 1956թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1976թ. ձեռամբ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի օծվել է եպիսկոպոս։

Սրբազան Հայրն իր ողջ կյանքի ընթացքում ծառայել է Հայ Եկեղեցուն եւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը, մեծ ավանդ ունեցել տերունական սրբավայրերի վերանորոգման գործում։ Մասնավորապես նրա անմիջական ջանքերով է 1980թ. վերանորոգվել Երուսաղեմի Սբ. Հարություն տաճարի հայկական մասը։ Սրբազան Հայրը երկար տարիներ եղել է Սբ. Թարգմանչաց վարժարանի տեսուչը։ Նրան ճանաչում էին որպես Երուսաղեմի հնագույն մշակութային արժեքների մեծ գիտակ։

Սրբազան Հոր վերջին օծումը կատարվել է հունվարի 2-ին Երուսաղեմի հայոց Սբ. Հակոբյանց տաճարում։ Հուղարկավորությունը կատարվել Սբ. Փրկիչ վանքի գերեզմանատանը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հանուն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբանության ցավակցություն է հայտնել Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արք. Մանուկյանին՝ աղոթելով Սրբազան Հոր հոգու հանգստության համար։
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։