Սրբալույս Մյուռոնի օրհնությանն ընդառաջ կատարվեց Ձիթայուղի օրհնության կարգ
Օգոստոսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Ձիթայուղի օրհնության կարգ։ Երեկոյան ժամերգությունից հետո ձիթայուղով լի արծաթե կաթսան դրվեց մատուռ-մկրտարանի խորանին` փակվելով շղարշե ծածկոցով: Այսուհետ ամեն օր` մինչև Մյուռոնօրհնեքը, Երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի հոգևոր պաշտոն՝ շարականներով, աղոթքներով և սուրբգրային ընթերցվածքներով:
Անհրաժեշտ նյութերը ձեռք բերելուց հետո, Մյուռոնօրհնությունից քառասուն օր առաջ, սկսվում է պատրաստության շրջանը՝ Ձիթայուղի օրհնության արարողությամբ։
Սրբալույս Մյուռոնի օրհնությունն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որի ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու նվիրական սրբություններով կօրհնի սուրբ Մյուռոնը, որն այնուհետև կբաշխվի Հայ Եկեղեցու բոլոր թեմերին: