Սուրբ Ստեփանոսի տոնին կատարվեց սարկավագական ձեռնադրություն
Դեկտեմբերի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է:
Տոնի առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Վաղարշապատ), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Արցախի թեմի առաջնորդ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացան Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 11 սաներ:
Նախօրդ օրը՝ դեկտեմբերի 24-ի երեկոյան, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մատուռում ձեռամբ Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի տեղի էր ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողություն:
Սուրբ Պատարագի ընթացքում՝ ձեռնադրության սուրբ խորհրդի ավարտին, Սրբազան Հայրը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց. «Հայ Եկեղեցին, գեղեցիկ ավանդության համաձայն, համաքրիստոնեական սրբի՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, կատարում է սարկավագական ձեռնադրություն։ Աստվածային և երկնային շնորհներն անտեսանելիորեն իջնում են նորընծաների վրա՝ զորացնելով ու դարձնելով նրանց Հայ Եկեղեցու և ժողովրդի անվախ, քաջ և նվիրյալ սպասավորները: Մեր նորագույն պատմության մեջ քիչ չեն այնպիսի սարկավագները, որոնք նմանվել են Սուրբ Ստեփանոսին՝ դառնալով նահատակներ և իրենց կյանքն առանց վարանելու զոհաբերելով հայրենիքին և Եկեղեցուն»:
Այս առնչությամբ Վրթանես Սրբազանը հորդորեց հավատացյալ հայորդիներին աղոթք բարձրացնել մեր նահատակ սարկավագների հիշատակի համար և հայցել Սուրբ Ստեփանոսի բարեխոսությունը, որպեսզի նորընծա սարկավագները նույն քաջասրտությամբ սպասավորները լինեն Հայ Եկեղեցու և ժողովրդի։
Քարոզի ընթացքում Սրբազան Հայրը նաև իր շնորհավորանքներն ուղղեց Մայր Աթոռի կրթական հաստատությունների տեսչությանը և միաբանությանը Սուրբ Ստեփանոսի տոնի և սարկավագական ձեռնադրության առիթով:
Սուրբ Պատարագի վերջում Սրբազան Հայրը «Պահպանիչ» աղոթքով և Սուրբ Ստեփանոսի մասունքակիր աջով օրհնեց նորընծա սարկավագներին և հավատավոր ժողովրդին։
Եկեղեցականները և ներկա բարեպաշտ ժողովուրդը նաև հնարավորություն ունեցան խոնարհվելու և հաղորդակցվելու տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցի բերված Սուրբ Ստեփանոսի մասունքին: