«Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան շնորհվեց բարերար, բժիշկ Կարո Դերձակյանին
Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Հայաստանում բժշկության առաջընթացի ու զարգացման, մեծ վաստակի, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան հանձնվեց Մայր Աթոռի բարերար, բժիշկ Կարո Դերձակյանին (Կալիֆորնիա, ԱՄՆ): Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը: Մեծարյալի կյանքին ու ազգանվեր գործունեությանն անդրադարձավ Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար, ՀՀ Ուրոլոգների ասոցիացիայի նախագահ բ.գ.թ., դոցենտ Արթուր Գրաբսկին: Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Կոնդակում ի մասնավորի ասված է. «Մեծարգո պարոն Դերձակյան, գոհունակությամբ ենք անդրադառնում արժանավոր հայորդուդ աստվածահաճո առաքելությանը, որ արդյունազարդ է բժշկության ոլորտում տասնամյակների ծառայության բարի արգասիքներով: Բժշկության լայն ասպարեզում մեծապես հայտնի է Ձեր անունը: Տարիներ շարունակ Դուք Ձեր կարողությունները ազնվորեն ծառայեցնում եք ապաքինման կարոտ անձանց առողջության վերականգնմանն ի խնդիր: Ավելի քան երեք տասնամյակներ գնահատարժան կարևոր սպասավորություն եք մատուցում հայրենի մեր երկրում բժշկության, ի մասնավորի ուրոլոգիայի զարգացման գործում, հայաստանյան գործընկերներին ապահովում արդիական սարքավորումներով, իրականացնում նոր տեխնոլոգիաներով աշխատելու փորձի փոխանակում։ Մեծապես գովելի է, որ Ձեր գիտելիքներն ու հմուտ փորձառությունները շարունակաբար փոխանցում եք նոր սերնդի բժիշկներին՝ կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ։ Ուրախությամբ ենք հաստատում, որ տասը տարիներից ավելի համագործակցում եք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հետ, նորագույն արտադրության լազերային սարքավորումներով ապահովում բժշկական կենտրոնի արդյունավոր գործունեությունը՝ խնամատարելու համար առողջության վերականգնման անհրաժեշտությունն ունեցող անձանց ապաքինման կարիքները»: Կոնդակի հրապարակումից հետո Վեհափառ Հայրապետը մեծարյալին հանձնեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո շքանշանը: Ապա շնորհակալական խոսք ասաց տիար Կարո Դերձակյանը՝ ընդգծելով, որ այս իրողությունը բժշկագիտության ոլորտում Հայաստան-
Սփյուռք համագործակցության լավագույն ապացույցներից է: Բարերարն ընդգծեց նաև, որ իրեն մշտապես հնարավորություն է ընձեռնվել իր ջանքերը ներդնելու ի նպաստ Հայաստանում ուրոլոգիայի զարգացմանը: Մեծարյալը երախտագիտություն հայտնեց Հայոց Հայրապետին իր անձի հանդեպ դրսևորած ուշադրության և բարձր պատվի ու պարգևի արժանացնելու համար: Այնուհետև երաժշտական կատարումներով հանդես եկան «Նոր անուններ» ծրագրի շնորհալի պատանիները: Հանդիսությունն ամփոփվեց Նորին Սրբության օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ երկար տարիներ ճանաչել է Կարո Դերձակյանին և հաղորդ է նրա հայրենասիրական ոգուն: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ նշանավոր բժիշկը Հայրենիքի հանդեպ սերը կարողացել է վերածել օրհնության՝ իր մասնագիտական ոլորտում օգտակարություն բերելով հայրենաբնակ բժիշկներին: Նորին Սրբությունը նաև ուրախությամբ արձանագրեց, որ Հայրենիքի նվիրյալն իր աշխատանքով մեծագույն սեր ու հարգանք է վայելում իր գործընկերների կողմից: Վերջում իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բերելով տեր և տիկին Դերձակյաններին` Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը մաղթեց, որ Բարձրյալն Աստված հանապազ պահի ու պահպանի Դերձակյան ընտանիքին Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո և շնորհի արևշատություն, նորանոր հաջողություններ և երկնահեղ ամենայն բարիք: Նորին Սրբությունը հորդորեց շարունակել իրենց ազգասեր ու աստվածահաճո գործունեությունն ի փառս Աստծու և ի բարօրություն Հայրենիքի: