Սուրբ Խաչվերացի տոնը Մայր Աթոռում
Սեպտեմբերի 15-ին, Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար վերջին տոնին՝ Խաչվերացին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մատուցվեց հանդիսավոր Ս. Պատարագ: Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև Արք. Մարտիրոսյանը: Ս. Պատարագին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հյուրեր:
Հավարտ Ս. Պատարագի հանդիսապետությամբ Վեհափառ Հայրապետի կատարվեց հոգեհանգիստ նորոգ հանգուցյալ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ արք. Սերայդարյանի հոգու հանգստության և խաղաղության համար:
Սեպտեմբեր 14-ին Գերաշնորհ Տ. Գևորգ Արք. Սերայդարյանի վերջին օծումը կատարվեց Թբիլիսիի առաջնորդանիստ Ս. Գևորգ եկեղեցում և Սրբազան Հոր աճյունն ամփոփվեց հայոց գերեզմանատանը:
Վիրահայոց Թեմի առաջնորդի մահվան կապակցությամբ ցավակցական գրեր են հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ Արք. Մանուկյանը, Հայաստանի և Սփյուռքի թեմակալ առաջնորդները, ինչպես նաև Վրաստանի նախագահ տիար Էդուարդ Շևարդնաձեն և Համայն Վրաստանի Պատրիարք և Կաթողիկոս Իլիա Բ-ը:
* * *
Ըստ Հայ եկեղեցու տոնացույցի՝ Խաչվերացի տոնի երեկոյան կատարվեց Խաչի թափոր և անդաստան։ Մայր Տաճարից դուրս բերվեց Քրիստոսի խաչափայտի նվիրական մասունքը՝ ամփոփված ռեհանով ու ծաղիկներով զարդարված ճաճանչավոր մեծ խաչի մեջ։ Եկեղեցականաց թափորը, հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Փառեն եպս. Ավետիքյանի, շարականների երգակցությամբ դուրս բերեց հաղթական Ս. Նշանը և կատարվեց անդաստան: Թափորապետ Սրբազան Հայրը Ս. Խաչի մասունքով օրհնեց երկրի չորս կողմերը: Յուրաքանչյուր կողմում կանգնելիս Սրբազան Հայրը օրհնված վարդաջուր ցողեց հավատացյալ ժողովրդի վրա:
Անդաստանից հետո կատարվեց երեկոյան ժամերգություն, որի ավարտին ճաճանչը զարդարող ծաղիկներն ու ռեհանները բաժանվեցին հավատացյալ ժողովրդին։