Սուդանում աշխատող օդաչուներն իրենց երախտիքը հայտնեցին Վեհափառ Հայրապետին

Դեկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սուդանում աշխատող Հայաստանի քաղաքացիական ավիացիայի մի խումբ օդաչուների: Նրանք Մայր Աթոռ էին եկել իրենց երախտիքը հայտնելու Վեհափառ Հայրապետին Մայր Եկեղեցու այն աջակցության համար, որ ցուցաբերվեց նոյեմբերի 17-ին Սուդանում ավիավթարից զոհված իրենց գործընկերների հուղարկավորության կազմակերպման գործում: Օդաչուներն իրենց մասնավոր երախտիքը հայտնեցին Սուդանի հոգեւոր հովիվ Տ. Մյուռոն քհն. Սարգսյանին, որն անձամբ էր մեկնել դեպքի վայր եւ ապահովել դիակների տեղափոխումը Հայաստան: Դիակների տեղափոխման օրը Խարթումի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվել էր նաեւ հոգեհանգստյան արարողություն:

Վեհափառ Հայրապետն իր վշտակցությունը հայտնեց օդաչուներին զոհված ընկերների համար, հայցելով Սուրբ Հոգու շնորհով Տիրոջ մխիթարությունը զոհվածների հարազատներին ու մտերիմներին: