Սկսվեց «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի համաժողովը
Ապրիլի 18-ին «Աղվերան Պարկ Ռեզորթ» հաստատությունում տեղի ունեցավ «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի հերթական փուլի մեկնարկային համաժողովը՝ ծրագրում ներգրավված հոգևորականների և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) աշխատակիցների մասնակցությամբ:
Համաժողովը բացվեց Տերունական աղոթքով, «Այսօր յարեաւ» շարականի երգեցողությամբ և Տիրոջ Ս. Հարության բարի ավետիսով: Ապա ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը հանդես եկավ օրհնության և ողջույնի խոսքով՝ ներկայացնելով ծրագրի ընթացքը և շարունակության թեմատիկ ուղղվածությունը:
Սրբազան Հայրն իր որդիական երախտագիտությունը հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծրագրի իրականացմանը հայրապետական օրհնություն հղելու համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ծրագրի համագործակից կառույցներին՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին և ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ղեկավար տիար Գարիկ Հայրապետյանը, որն իր խոսքում մեծապես կարևորեց ծրագրի շրջանակներում ձևավորված կայուն և արդյունավետ համագործակցությանը:
Համաժողովի շրջանակներում «Քրիստոնեական ազատության դրսևորման հնարավորությունը ընտանիքում» ընդհանուր խորագրի ներքո բանախոսություններով հանդես են գալու Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը, Արժանապատիվ Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը և տիար Վարանդ Քորթմոսյանը:
Համաժողովի ընթացքում մեթոդական աշխատանքների ուղղորդումը իրականացնելու են դասընթացավարներ տիկ. Սուսաննա Վարդանյանը, պրն. Արեգ Թադևոսյանը և տիկ. Ելենա Հարությունյանը:
Համաժողովի ավարտին մասնակիցներին կներկայացվեն ծրագրային գործառույթները, ինչպես նաև տեղերում իրականացվելիք գործունեության համակարգման ակնկալվող աշխատանքները: