Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը փոխանցեց Սանտ Էջիդիո համայնքի կողմից կազմակերպաված միջեկեղեցական աղոթքին
Հոկտեմբերի 7-ին Հռոմի (Իտալիա) Կոլիզեյում` ամֆիթատրոնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Սանտ Էջիդիո համայնքի կողմից կազմակերպված տարեկան ավանդական խաղաղության աղոթքին, որին ներկա էին Քույր Եկեղեցիների պետեր, տարբեր երկրների ղեկավարներ ու պաշտոնյաներ։ Հանուն խաղաղության միջեկեղեցական աղոթքի ընթացքում Նորին Սրբությունն իր պատգամը փոխանցեց ներկաներին։
«․․․Փրկիչ մեր Տերը, Վերջին ընթրիքի ժամանակ գիտենալով, որ ժամեր անց պիտի չարչարվեր ու խաչվեր, իր աշակերտներին տվեց հրաժեշտի պատգամը․ «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան» (Հովհ. 14.27)։
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղության պարգևը, որ նա թողեց իր աշակերտներին շուրջ երկու հազար տարիներ առաջ, այսօր մեզ է տրված բաշխելու քսանմեկերորդ դարում ապրող քրիստոնյաներին և բոլոր մարդկանց հատկապես այս օրերին, երբ բռնություններն ու պատերազմները, էթնիկ խտրականությունն ու կրոնական ծայրահեղականությունը և դրանց հիմքի վրա իրագործվող ոճրագործությունները տակավին ավերներ են գործում, և աշխարհը կարիքն ունի խաղաղության ու ապահով կյանքի վերահաստատման»,–նշեց Վեհափառ Հայարապետը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունն այլ է այս աշխարհի խաղաղությունից, որը հաճախ կառուցվում է նաև անարդարության հիմքի վրա՝ ցավ ու վիշտ բերելով մարդկանց և ժողովուրդներին։ Ըստ Հայրապետի խոսքի՝ Փրկչի շնորհած խաղաղությունը Աստծո սիրառատ ներկայությունն է մեր կյանքում։
«․․․Սիրելիներ, միջկրոնական և միջմշակութային համաժողովի ավարտին մեր քննարկումներն ու խորհրդածությունները եզրափակում ենք միասնական աղոթքով Կոլիզեումում, որը դարեր առաջ դարձավ քրիստոնյա նահատակների առ Աստված ապավինության և սիրո վկայության վայր, Քրիստոսի խաղաղության ու մարտիրոսաց զորավոր հավատքի ողջագուրման վկայարան։ Այստեղով՝ խորհրդանշական այս վայրով է ձգվում վաղ քրիստոնեության խաչի ճանապարհը՝ հազարավոր մարտիրոսների ու վկաների արյունով սրբագործված, որն այսօր ամենքիս առաջնորդում է խաղաղության մասին քրիստոնեական ընկալման վերարժևորմանը։ Նահատակության արյամբ պսակված այս վայրում Քրիստոսի մարտիրոսներն ու վկաները չհուսահատվեցին անասելի չարչարանքներից, անձնատուր չեղան խաղաղության մասին այս աշխարհի պատկերացումներին, այլ իրենց արյան հեղումով հաստատուն պահեցին հավատարմությունն առ Աստված, ինչպես հռչակում էր Սուրբ Պողոս առաքյալը. «Ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները և ո՛չ զորությունները, ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն և ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կա մեր Տեր Քրիստոս Հիսուսով» (Հռոմ. 8.37-39)»։
Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին․«․․․Մենք գալիս ենք մի երկրից, որտեղ Ամենակալի նախախնամական ձեռքով պատմության ընթացքում ամեն մի քարի ու ավազահատիկի մեջ խտացվել է քրիստոնեական վկայությունը, խաչի ճանապարհը՝ հանուն Հարության ու հավատի հաղթանակի, որտեղ լեռներն աղոթքի ամենազոր ուժով վերածվել են խաչքարերի, դաշտերն ու բլուրները՝ սրբազան խորանների, լճերն ու գետերը՝ Մկրտության ավազանների՝ որպես հավատարմություն մեր քրիստոնեական հավատքի ու ինքնության։ Ազգս հայոց լավ գիտի խաղաղության գինը, որ վճարել ու շարունակում է վճարել։ Անցյալ տարի մեր ժողովուրդը վերստին անցավ խաչի ճանապարհով։ Ազատ ու անկախ ապրելու իրավունքը, Տերունաշնորհ խաղաղ կյանքը պաշտպանելու համար ազգիս զավակները կրեցին արհավիրքները Ադրբեջանի կողմից Թուրքիայի օգնությամբ և ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի»։
Ապա Ամենայն Հայոց Հայրապետն իր երախտագիտությունը հայտնեց Քույր Եկեղեցիներին՝ պատերազմի օրերին անարդարությունն ու եղեռնագործությունը դատապարտելու համար և վստահություն հայտնեց, որ առաջիկայում էլ բարձրահունչ պիտի պահեն իրենց ձայնը՝ ընդդեմ արցախահայության անկախ ապրելու իրավունքի նկատմամբ բռնացումի, հանուն գերյալների ազատության և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության վերահաստատման։
«․․․Սիրելիներ, այսօր առաքելահիմն եկեղեցիների ներկայացուցիչներս համախմբվել ենք մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ՝ մեր Եկեղեցիների աղոթքներն ու ջանքերը համախմբելու և ողջ մարդկությանը հանձնառության կոչելու՝ պահելու աշխարհը «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» ընթացքի մեջ՝ զերծ ատելությունից, թշնամանքից ու հակամարտություններից։ Կոլիզեումի պատմական այս վայրում քաջության և անվեհերության պատգամն է փոխանցվում ամենքիս՝ առաքյալների ու աշակերտների նման անհողդողդ անցնելու խաղաղության առաջնորդող խաչի և վկայության տերունահաստատ ուղիով։ Այս տեսլականով և միասիրտ աղոթքով հայցենք Տիրոջ օգնականությունը խաղաղ ու արդար աշխարհ կերտելու դժվարին ճանապարհին», - պատգամեց Ամենայն Հայոց Հայրապետը։
Արարողության ընթացքում հնչեցին եկեղեցապետերի և կրոնական առաջնորդների ուղերձներ։ Ավարտին Ֆրանցիսկոս Պապի ուղերձից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր պատերազմների զոհերի հիշատակը, ապա երեխաները փոխանցեցին մասնակիցներին խաղաղության ուղերձը: