Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով եկեղեցականները հանդես եկան ուղերձով
Փետրվարի 26-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին համախմբվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 230 եկեղեցականներ թեմակալ առաջնորդների առաջնորդությամբ:
Այս կապակցությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Էջմիածին քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցում հոգևորականները մասնակցեցին Սուրբ Պատարագի արարողությանը: Պատարագիչն էր Արցախի թեմի հոգևոր սպասավոր, Դադիվանքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:
Ս. Պատարագի ընթացքում Տ. Հովհաննես քահանան իր քարոզում նշեց, որ Ղևոնդյանք օրինակ ու առաջնորդ են յուրաքանչյուր հոգևորականի համար, օրինակ ոչ միայն հանուն հայրենիքի ու հավատի կյանքը տալու, այլև այդ նույն չափօրինակի համեմատ աստվածահաճո կյանք ապրելու:
«Քահանայի համար առանձնահատուկ մի ընտանիք է հայոց բանակը, որի կողքին ու շարքերում է միշտ՝ թե անցյալում և թե այսօր՝ պատրաստ նրա հետ ճաշակելու պատերազմի ու պարտության դառնությունը և հաղթանակի բերկրանքը: Հազկերտին Արտաշատից գրված նամակում, կրոնափոխ լինելու հրամանին ի պատասխան, հայոց ավագանին, հոգևորականությունն ու ժողովուրդը խիզախորեն պատասխանում են. «Մենք ոչնչով ավելի լավը չենք մեր նախնիներից, որոնք այս հավատի համար դրին իրենց գույքն ու ստացվածքը և մարմինները»: Եվ խոսքն ապացուցվում է գործով: Հայ քահանան պատերազմի դաշտ է դուրս գալիս՝ պաշտպանելու հայոց հավատը և առաջնորդելու իր մեծ ընտանիքը, որ ողջ հայությունն էր: Միասնության այսպիսի պահերն են, որ պատվար են դառնում չարի սանձազերծած ամենամեծ արհավիրքներին: Հազկերտի մտադրությունն անկատար է մնում. հայը շարունակում է պաշտել իր Աստծուն:
Սիրելի եղբայրներ, պատահական չէ, որ սրբոց այս խումբը հենց քահանայի՝ Ղևոնդ երեցի անունով է կոչվում: Ինչպես մեր վիպագիրներից Ծերենցն է ասում՝ «Տվեք ինձ մի Ղևոնդ և ես ձեզ կտամ տասը Վարդան»: Ղևոնդներն էին, որ յուրաքանչյուրն իր գյուղում ու քաղաքում հավատացելոց սրտում ջերմ էր պահում Հիսուսի նկատմամբ հարատև սերն ու կենդանի հավատը, հարատև ու կենդանի այն աստիճան, որ ամեն մեկն իրեն պատրաստ էր տեսնում արյունը, կյանքը տալու «վասն հաւատոյ և վասն հայրենեաց»: Իսկ հավատը երբեք տեսություն չէ ու չի քարոզվում լոկ բարձր բեմերից, այլ նախ և առաջ կյանք ու զոհաբերություն է, որ տրված օրինակով սերունդներ է կրթում և ամեն նոր ժամանակին համահունչ Ղևոնդներ ու Վարդաններ ասպարեզ բերում»,- ասաց Տեր Հովհաննեսը:
Վերջում Հովհաննես քահանան քահանայից դասի անունից տոնի առիթով շնորհավորեց Հայոց Հովվապետին:
Ս. Ղևոնդյանց տոնի առիթով քահանայից հավաքի մասնակիցները հանդես եկան ուղերձով, որում ասվում է.
«Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով, համախմբվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեր հոգևոր հոր` Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ, փառք և գոհություն ենք վերառաքում առ Աստված Նրա բազում շնորհների համար և շնորհավորում մեր բարեպաշտ ժողովրդին, ծառայակից մեր հոգևոր եղբայրներին:
Ղևոնդյանց ոգին դարեր շարունակ առաջնորդող է եղել մեր ազգի համար հանուն արժանապատվության, խղճի ազատության և իրավունքների պաշտպանության մղվող իր արդար պայքարում: Սուրբ Ղևոնդյանք ներշնչող կերպար են հայ հոգևորականի համար` իրենց նահատակությամբ վերահաստատելով ազգային անդաստանից ներս Հայոց Եկեղեցու ծառայության ուղին, նրա առաքելությունը հանուն հավատի և հայրենյաց: Հայրենիքի անսասանության ու հայ ժողովրդի հոգևոր ինքնության անխաթար պահպանման տեսլականն է եղել Ս. Ղևոնդյանց պայքարի անկյունաքարը, մի տեսլական, որի հավատարիմ կրողն է այսօր Հայոց Եկեղեցին իր ողջ հոգևոր դասով:
21-րդ դարում աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, հանդիման տարաբնույթ մարտահրավերների, շարունակում է պայքարն իր արդար իրավունքների` ազատ ու անկախ կյանքի, սեփական անվտանգության և բարօրության արարման, հոգևոր կյանքի զորացման համար: Փորձություններից ու դժվարություններից անմասն չէ նաև մեր հայրենիքը, որին ուղղված է աշխարհասփյուռ մեր ժողովրդի հայացքը, ակնկալություններն ու սպասելիքները: Հայրենի հողն է խարիսխը մեր ազգային բոլոր իղձերի ու երազանքների, մարմնավորողը և կրողը դարերով կերտված հոգևոր-ազգային արժեքների: Հայրենի երկրի անկախությունն է իմաստավորումը հայի գոյության և պայքարի, սնուցող ջինջ ակունքը հայի ինքնության և երաշխավորը նրա լուսավոր ընթացքի:
Այսօրվա աշխարհի փոթորկալի պայմաններում, երբ հարձակման են ենթարկվում ազգային-հոգևոր արժեքները, երբ տարբեր ուժերի ներգործության ներքո փորձեր են արվում խեղաթյուրել պատմական իրողությունները, Ղևոնդյանց քահանաների ոգին դարերի խորքից մեզ ամենքիս պատգամ է ուղղում առավել զգաստության, պատասխանատվության և միաբանության ի սեր հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու:
Քաջ գիտակից մեր հոգևոր առաքելությանը` պետք է շարունակենք առավել մեծ նախանձախնդրությամբ ու ժրաջանությամբ մեր սպասավորությունը բերել մեր ժողովրդին` ճշմարիտ թթխմորը դառնալով մեր ազգային, հասարակական կյանքում սիրո առատացման, հանձնառության գիտակցության զորացման և բարի գործերի մեջ հարատևման: Մեր Սուրբ Եկեղեցու հովանու ներքո, հավատարիմ մեր սրբազան նախնյաց հավատամքին, պետք է շարունակենք հայոց կյանքը խարսխել հոգևոր արժեքների վրա, որպեսզի մեր ազգի զավակներն ապրեն իբրև լույսի որդիներ Աստծո գթառատ սիրո և ողորմության մեջ, փոխադարձ հարգանքով և խոնարհությամբ: Այս գեղեցիկ տոնի առիթով Քրիստոսասեր մեր ժողովրդին առաքյալի խոսքով պատգամում ենք. «միշտ փափագող եղեք բանական անխարդախ կաթին, որպեսզի նրա միջոցով աճեք փրկության համար, քանի որ արդեն ճաշակել եք, որ քաղցր է Տերը» (Ա Պետր. Բ 2):
Սրբոց Ղևոնդյանց բարեխոսության հայցով աղոթում ենք հայրենի մեր երկրի շեն ու բարօր կյանքի, մեր հավատավոր ժողովրդի արժանապատիվ ու խաղաղ ընթացքի համար: Թող մեր Զորագլխի` Տեր Հիսուս Քրիստոսի առաջնորդությամբ միշտ պայծառ մնա մեր Սուրբ Եկեղեցին` անսասան իր հոգևոր-ազգային առաքելության մեջ»: