Ս. Ղեւոնդյանց քահանաների տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Ս. Ղեւոնդյանց քահանաների տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում 21.02.2004

Փետրվարի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մեծ շուքով նշվեց Ս. Ղեւոնդյանց քահանաների տոնը: Այս առիթով հայոց հոգեւոր կենտրոն էին ժամանել Հայաստանի եւ Արցախի թեմի շուրջ 100 քահանաներ` վերստին նորոգելու իրենց ուխտն Աստծո հետ եւ հայտնելու իրենց հավատարմությունն ու սերը` հանդեպ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն ու Ամենայն Հայոց Հայրապետը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Արցախի թեմի հոգեւոր սպասավոր, Գանձասարի վանահայր Տ. Հովհաննես քհն. Հովհաննիսյանը: Տեր Հայրը Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով Ս. Ղեւոնդյանց քահանաների նահատակության պատմությանը: «Ս. Ղեւոնդյանց խորհուրդը հավերժական է, պատմության քառուղիներում այն միշտ ուղեկցել է մեզ եւ այսօր էլ երաշխավորն է մեր գոյության եւ հաղթանակի` ինչպես անցյալ դարավերջին Արցախում, այնպես էլ այսօր` 21-րդ դարում»,-նշեց Տ. Հովհաննեսն իր քարոզում:

Ս. Պատարագի ավարտին տեղի ունեցավ քահանայական հավաք, որի քննարկման նյութն էր եկեղեցու ծառայությունը երիտասարդության շրջանում: Վեփափառ Հայրապետի անունից ներկաներին ողջունեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը` ներկայացնելով օրվա խորհուրդն ու ժողովի կանոնակարգը: Հայաստանի եւ Արցախի թեմերի ներկայացուցիչների զեկույցներից հետո հոգեւորականներն արտահայտեցին իրենց մտորումներն ու մտահոգություններն արծարծված խնդիրների վերաբերյալ:

Հավաքի ավարտին Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց հոգեւոր դասին եւ հորդորեց հովվել մեր ժողովրդին Քրիստոսի Ավետարանի լույս պատգամներով` առավել ջանասիրությամբ եւ նվիրումով կրելով Քրիստոսի քաղցր լուծը: «Մեծապես ուրախ ենք, որ Տերն ընձեռում է մեզ այսպիսի պահեր համախմբվելու Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, մեր ուխտը վերանորոգելու, մեր առաքելության ուղին առավել հստակ դարձնելու, աղոթքով գոտեպնդվելու, աղոթքով զորանալու եւ այս դժվարին ժամանակներում մեր առաքելությունն իրականացնելու համար»,- նշեց Նորին Սրբությունն իր խոսքում:

Ի նշանավորումն Ս. Ղեւոնդյանց տոնի եւ ի գնահատություն իրենց ծառայության` Գարեգին Բ Կաթողիկոսի սրբատառ կոնդակով Հայաստանի եւ Արցախի թեմերից 3 քահանաներ արժանացան ավագ քահանայության պատվի, 6-ը` ծաղկյա փիլոն կրելու պատվի, իսկ 17-ը լանջախաչ կրելու իրավունք ստացան: