Ս. Հարության տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց. «Պիտի վերցնել խաչը եւ գնալ Տիրոջ ետեւից, իրագործել բարին նույնիսկ արգելքների մեջ, երկրպագել Խաչվածին անգամ խաչված լինելով, հոգու եւ հոգեւորի քարանձավից տեղաշարժված տեսնել քարն անհավատության»
Ապրիլի 16-ին, աշխարհասփյուռ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:
Առանձնահատուկ շուքով եւ ցնծությամբ Սուրբ Հարության տոնը նշվեց համայն հայ ժողովրդի հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Տոնի առիթով օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կազմակերպվել էր թափոր-երթ: Առավոտյան կանուխ, Սուրբ Հռիփսիմե վանքի մոտից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ-ի հայորդյաց տների սաների առաջնորդությամբ հարյուրավոր երիտասարդներ շարականների երգեցողության եւ թմբուկների ձայների ներքո շարժվեցին դեպի Միածնաէջ Սուրբ տաճար, ուր դիմավորեցին Հայրապետական թափորը:
Առավոտյան ժամը 10.30-ին Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունները բաշխելով խուռներամ հավատացյալ ժողովրդին, հոգեւորականների մեծահանդես թափորով ուղղվեց դեպի Մայր Տաճար, ուր մատուցեց Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ Տիրոջ Սուրբ Հարության տոնի առիթով Հայրապետական իր պատգամը հղեց համայն հայ ժողովրդին:
«...Մարդկության պատմության այս շրջադարձից երկու հազարամյակներ հետո նույն մխիթարությունն ու ուրախությունն է պարգեւում Քրիստոսի հրաշափառ Հարությունը ապրողներիս, որով շնորհն ունենք անցնելու մահվանից դեպի կյանք, խավարից դեպի լույս: Այսօր էլ ազգերի եւ ժողովուրդների համար հույժ այժմեական են առաքյալի խոսքերը. «Ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես եւ մենք քայլենք նոր կյանքով»: Աշխարհը դեռ չի կարողանում կատարելապես իրագործել այս պատգամը` քայլելու նոր կյանքով` խաղաղության, համերաշխության, սիրո ու եղբայրության ճանապարհներով: Այսօր էլ բազմաթիվ մարդիկ եւ ժողովուրդներ Հարության տոնը դիմավորում են խռովքների ու անհանգստությունների, դժվարությունների ու հոգսերի, պատերազմական վտանգների մեջ: Աշխարհը փոթորկված է ավետարանական դրվագի նմանությամբ, բայց մարդիկ չեն շտապում դիմել առ Տերը, ինչպես առաքյալները, ովքեր խնդրեցին իրենց Վարդապետին` խաղաղեցնելու փոթորիկը: Այսօր վերստին հնչում է «Խաղաղություն ձեզ» (Հովհ. Ի. 19) ողջույնը Հարուցյալ Փրկչի, որ ցույց տվեց իր վերքերն ու խոցված կողը` աշխարհը հավատքի բերելու համար, մինչ աշխարհը իր վերքերը ցույց է տալիս Աստծո դեմ բողոքելու եւ Աստծուց հեռանալու համար»,- ասվում է Հայրապետական ուղերձում:
Նորին Սրբությունն իր պատգամում անդրադարձավ նաեւ ներկայիս հիմնախնդիրների ու մարտահրավերների հաղթահարմանը, միմյանց սրբություններն ու հոգեւոր արժեքները հարգելու անհրաժեշտությանը: «...Մարդկության առջեւ ծառացած հիմնախնդիրներին հանդիման Հարության տոնը նոր ներշնչումի, հավատքի զորացման, ըստ առաքյալի խոսքի` նոր կյանքով քայլելու շնորհառատ աղբյուր է, որը զորացնում է դժվարին կացությունները դիմագրավելու, խաղաղությունը, հույսն ու սերը մարդկային կյանքում հաստատելու: Բոլոր ժամանակներում, նաեւ մեր օրերում մարտահրավերներին ընդառաջ ելնելու, ընկերային-քաղաքական դիմակայությունները կանխելու, պատերազմական արհավիրքները հաղթահարելու համար բավական չեն սոսկ նյութական միջոցներն ու հնարավորությունները, զուտ աշխարհային ըմբռնումներն ու գործելակերպերը: Այսօր խաղաղ, արդար ու մարդասեր աշխարհի համար պիտի զինվել հոգեւոր սպառազինությամբ, քան մահաբեր զենքերով: Պիտի վերցնել խաչը եւ գնալ Տիրոջ ետեւից, իրագործել բարին նույնիսկ արգելքների մեջ, երկրպագել Խաչվածին անգամ խաչված լինելով, հոգու եւ հոգեւորի քարանձավից տեղաշարժված տեսնել քարն անհավատության:
Մարդկային հոգու հարակա արդար ձգտումն է խաղաղությունը, որը ճշմարտապես իրական ու անխափան պիտի լինի այն գիտակցությամբ, որ երկնային Հոր հայացքի ներքո մարդիկ եղբայրներ են` կոչված հարուցյալ կյանքի շնորհներն ու պարգեւները հավելելու աշխարհում: Աշխարհի մեջ Աստծո ներկայության հավատով մարդկային հոգին պիտի գտնի իր մշտանորոգ զորությունը մերժելու համար չարը, բռնությունն ու ատելությունը: Աստվածսիրությամբ ու մարդասիրությամբ տեղ չպիտի գտնեն միմյանց հոգեւոր արժեքներն ու սրբությունները վիրավորելու դրսեւորումները, որ ամիսներ արդեն շարունակում են հուզել աշխարհը, եւ լսելի պիտի դառնա աղաղակող արդար բողոքը Նախիջեւանում հիմնովին ոչնչացված հազարավոր հայկական խաչքարերի, որոնք մշակութային հնագույն արժեք էին եւ մշտամորմոք աղոթք, սիրո վկայություններ առ Աստված ու մարդիկ», - պատգամեց Վեհափառ Հայրապետը:
«Առ Փրկիչն հավատի զորությունը, հույսն ու խնդությունը կյանք տվեցին մեր ժողովրդի ձգտումներին, մեր մշակույթին ու առաջնորդեցին մեր պատմության ընթացքը: Եղերական ճամփաներով անցնելով, մեր ժողովուրդը միշտ հավատաց Քրիստոսի հետ իր հարուցյալ նոր կյանքին, իր վերածննդին: Իրականություն են այսօր մեր պետականության վերահաստատումը եւ մեր ժողովրդի ազատ կյանքը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Հայրենի եզերքներում եւ Սփյուռքում համայն մեր ժողովուրդը ապրում է նոր հույսերով ու իղձերով, հավատով, որը դարերով, անստվեր ու անմայրամուտ սփռվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, մեր եկեղեցիների լուսո խորաններից»,- նշեց Նորին Սրբությունը` մաղթելով, որ առ Քրիստոս հավատն ու հույսը շարունակեն բաբախել մեր սրտի զարկերակներում` դառնալով զորություն կառուցելու հայրերի երազած շեն ու բարգավաճ երկիրը եւ պայծառ պահելու ազգային-եկեղեցական մեր կյանքը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից` Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների Աթոռից, Լուսավորչի Գահից Ամենայն Հայոց Կաթողիկոսը զատկական իր ողջույնները հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին: Նորին Սրբությունը նաեւ Հայրապետական իր օրհնությունը փոխանցեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ուխտապահ ողջ հոգեւոր դասին ու սիրեցյալ համայն ժողովրդին, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ավագանուն եւ քույր Եկեղեցիների հոգեւոր պետերին:
Հայրապետական Սուրբ Պատարագին ներկա էին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, գիտության, կրթության, արվեստի եւ մշակույթի գործիչներ:
Սուրբ Պատարագի ավարտին Վեհարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ամենքին վերստին ուղղեց Հայրապետական իր շնորհավորանքն ու բարեմաղթանքները Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով:
Սուրբ Պատարագի ավարտին, սբ. Տրդատի բաց խորանի առջեւ, հայորդյաց տների շնորհալի սաները հանդես եկան համերգային ծրագրով: