Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Օգոստոսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների և ուխտավոր հավատացյալների, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Սրբազան Հայրն անդրադառնալով տոնի խորհրդին՝ ընդգծեց, որ քրիստոնյա հավատացյալների համար Սուրբ Տիրամոր վերափոխման հիշատակը միայն պարզ ու սովորական հիշողություն չէ, այլ նաև հավատքի զօրացման և ուխտի վերանորոգման հրաշալի առիթ:
«Վերափոխման այս հիշատակի տոնը, սիրելի՛ հավատացյալներ, մեզ երկու կարևոր պատգամ է հղում.
Առաջին՝ լինել համեստ և հնազանդվել Աստծո կոչին հասնելու համար երանավետ հանգստին.
Սուրբ Աստվածամոր կյանքը փոքր հասակից գերազանցապես եղել է Աստվածահաճո կյանք: Սուրբ Կույսն իր կյանքի յուրաքանչյուր հանգրվանին հնազանդվել է Տիրոջ պատգամներին և միշտ ջանացել է կատարել Նրա սուրբ կամքը: Այս խոսքերի վկան հենց Տիրամոր այն արտահայտությունն է, որն ուղղեց Գաբրիել հրեշտակապետին, երբ իմացավ Ամենակալ Աստծո ծրագիրն Իր կյանքում, հայնժամ ասաց. «Ահավասի՛կ, ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. Ա.38):
Սուրբ Աստվածածինն իր խոնարհության և հնազանդության օրինակով շահեց Տիրոջ վստահությունն ու լիառատ շնորհները, որով դարձավ անտանելի Աստծո Բանի տանելի տաղավարը. իր արգանդում կրեց Նրան, ումից դողում էին զօրություններն ու տերությունները, և անգամ սերովբեներն ու քերովբեները վախենում էին նայել Նրան:
Իսկ իր կյանքի մայրամուտին իր հնազադության համար արժանացավ վերափոխվելու անցավոր այս երկրից որպես հարս՝ դեպի երկինք: Մենք ևս, սիրելի՛ հավատացյալներ, հետևլով Սուրբ Աստվածամոր օրինակին, կոչվել ենք հնազանդվելու Աստծուն, Նրա կամքը կատարելու, կոչվել ենք հավատքով դառնալու Աստծո լույսի կրողներն ու այն տարածողներն ամենուրեք, որպեսզի աշխարհը և մենք խավարի մեջ չմնանք, կոչվել ենք տիեզերքի մեջ Աստուծո շնորհների երկնքից երկիր առատորեն հեղման՝ մեր կյանքի հեզության ու պարզության ճամփով: Ի վերջո, կոչվել ենք մեր կյանքի օրինակով վկաները դառնալու Ամենասուրբ Երրորդությանը, այնպես, ինչպես Տերը բնակվեց Սուրբ Կույսի մեջ, այդպես Տերը սպասում է մեր դարձին, որպեսզի բնակվի մեր մեջ և մեզ դարձնի կենդանի Աստծո բնակության տաճարներ:
Երկրորդ՝ մեր՝ Աստծո նկատմամբ ունեցած հավատքի համար վարձատրություն չսպասել.
Այսօրվա մեր նյութականացած աշխարհում մարդ արարածն իր կատարած յուրաքանչյուր արարքի համար նյութական կամ բարոյական վարձատրություն է ակնկալում: Յուրաքանչյուր քայլ փորձում է կատարել համապատասխան պայմանով կամ հատուցման սպասելիքով: Հավատքը, սակայն, Աստուծո անտեսանելի շնորհի պարգևն է մեզ, որի իրական ընկալումը միայն մեզանից դեպի դիմացինը սիրո, ջերմության, ծառայության, զոհաբերության նվիրական զգացում է: Ճշմարիտ հավատացյալ քրիստոնյան աշխարհում վարձատրություն ակնկալողն ու ստացողը չէ, քանզի արդեն իսկ ստացած է լինում իր վարձատրությունը և հանդերձյալում այլևս ստանալիք չունի, բացի վիշտն ու ցավը: Տիրամայրն իր կյանքի բոլոր օրերի ընթացքում երբևէ չեր մտածում վարձատրության մասին, որովհետև նրա համար էականը ո՛չ թե վարձատրությունն էր, այլ Աստծո Սուրբ կամքին հնազանդվելը:
Մեր Տերը Քրիստոս պատվիրում է մեզ, որ մեր աջ ձեռքի տվածը ձախը չտեսնի: Մենք ի՞նչ ուղղությամբ ենք շարժվում: Բարիք ենք գործում վարձատրությո՞ւն ստանալու համար, թե՞ բարիք ենք գործում որպեսզի հաճո լինենք մեր Արարչին: Եթե երկրորդ ուղին ենք ընտրել, արդարև մեր ճանապարհն առաջնորդողը և կյանքի ապավենը մեր Տերն Ի՛նքն է և մեր ձեռնարկած յուրաքանչյուր քայլ աստվածահաճո է:
Ուստի, յուրաքանչյուր քրիստոնյա անհատի կոչումը պիտի լինի հնազանդվել Աստծո Սուրբ կամքին և առանց ակնկալիքի անսակարկ նվիրում ցուցաբերել բոլորի հանդեպ՝ քաջ գիտակցելով, որ յուրաքանչյուր մարդ անհատ իր մեջ կրում է Աստծո պատկերն ու նմանությունը: Այս է մեր հավատքի ուղին: Այս է Աստվածամոր օրինակը մեզ ամենքիս՝ անվերապահ հավատքով վստահել Աստծո խնամատարությանը և մեր անձերն ընծայաբերել Նրան», - նշեց Վարդան Սրբազանը:
Ապա, քարոզի վերջում, պատարագիչ Սրբազան Հայրը հորդորեց ներկաներին. «Եկեք հաստատակամ վստահությամբ խնդրենք տիեզերքի խնամատար միջնորդ Ս. Կույս Մարիամին, որպեսզի նորոգի մեր մեջ իրական ծնողական սիրո զգացումը, ընտանեկան և եղբայրական միջանձնային հավատարմությունը, հաշտեցնի մեզ մեր հետ և մեր ու Տիրոջ միջև դառնա մեղքին հաղթելու կամքի նորոգություն, և մեր հոգիները վերափոխի դեպի երկնային իմացական եղելություններ, որտեղից մշտապես շնորհաց շողն է կաթում ու մեր մեջ վերահաստատում կյանքի պայքարի զգացումը՝ չտկարանալու երբեք, այլ Աստծո խոսքին հնազանդ, հավատքի ապրումով՝ ակնկալելու և սպասելու երկնային վարձատրության»:
Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, Ս. Տրդատի բաց խորանում կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ հոգեպարար շարականի երգեցողությունից հետո ընթերցվեց օրվա խորհուրդն ամփոփող ավետարանական հատվածը, այնուհետև Ս. Ներսես Շնորհալու «Խաղողի օրհնության» աղոթքը:
Վերջում օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին: