Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու երիտասարդաց միությունը` «Սինդեսմոսի» անդամ

Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու երիտասարդաց միությունը` «Սինդեսմոսի» անդամ 30.07.2003

Հուլիսի 14-22-ը Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցու հովանավորությամբ Դյուրես քաղաքի մոտ գտնվող Սբ. Վլաս վանքում տեղի ունեցավ Ուղղափառ երիտասարդների «Սինդեսմոս» միության 17-րդ համաժողովը` նվիրված կազմակերպության հիմնադրման 50-ամյակին:

Ի թիվս շուրջ 40 երկրների ներկայացուցիչների համաժողովին մասնակցում էին նաեւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Տիգրան սրկ. Բաղումյանը եւ Կոտայքի թեմի Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու երիտասարդաց միության ատենապետուհի Լիլիթ Սարգսյանը:

Հոբելյանական հավաքն ընթանում էր աստվածաշնչյան «Դուք Իմ վկաները պիտի լինեք» կարգախոսով: Այն նպատակ ուներ նոր ուղիներ գտնել «Սինդեսմոսի» ամբողջական առաքելության համար եւ մեկ անգամ եւս վկայել, որ ուղղափառ երիտասարդությունն անբաժանելի ու անքակտելի մասն է մեկ, ընդհանրական, առաքելական եւ սուրբ եկեղեցու:

Համաժողովի մասնակիցները քննարկեցին ուղղափառությանն առնչվող բազմաթիվ խնդիրներ` կապված ներկայիս մարտահրավերների հետ, որոնց առջեւ կանգնած է քրիստոնյա աշխարհը: «Սինդեսմոսը» համալրվեց նաեւ նոր անդամներով: Միաձայն քվեարկությամբ կազմակերպության անդամ դարձավ նաեւ Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու երիտասարդաց միությունը:

Համաժողովի օրերին ամեն մի երիտասարդական միության հատկացված էր առանձին տաղավար, ուր ներկայացված լուսանկարների, թերթոնների եւ այլ նյութերի օգնությամբ կարելի էր ծանոթանալ այս կամ այն երիտասարդական միության պատմությանն ու գործունեությանը: Այս ամենի մեջ իր ուրույն տեղն ուներ նաեւ Հայ Առաքելական Եկեղեցին, ուր ներկայացված էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու երիտասարդաց միության գործունեությունը:

Համաժողովի շրջանակում ներկաներն այցելեցին նաեւ տարբեր վանքեր, մասնակցեցին եկեղեցական արարողությունների: