Պարգեւ արք. Մարտիրոսյան. «Մենք հավատարիմ հոտն ենք Հայ Առաքելական Եկեղեցու»
Արցախի թեմի ուխտի պատարագը Մայր Տաճարում
Հունիսի 29-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց հերթական Ուխտի պատարագը: Մայր Տաճարի օծման 1700-ամյակի տոնակատարությունների առիթով Սուրբ Էջմիածին էր եկել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանը` թեմի հոգեւորականների եւ բազում հավատացյալ ուխտավորների հետ:
«Եվ չնայած 1930-1989թթ. Արցախ աշխարհը հալածվում էր կրոնական տեսանկյունից, բայց այսօր, բարեբախտաբար, ունենք այնտեղ հավատք, ունենք թեմ, ունենք անկախ հանրապետություն, մեզ հարազատ հայեցի իշխանություն, որտեղ կարող ենք վերանորոգել մեր ուխտը: Բայց մենք այսօր եկել ենք այստեղ մեր ծննդավայրը, մեր հոգեւոր տունը, որովհետեւ ամեն մի հայ ծնվում է այս մկրտության ավազանից: Սա է հոգեւոր արգանդն ամեն մի հայի համար: Սա ամենայն հայոց տուն է` գահանիստ տուն, եւ մենք բոլորս եկել ենք այստեղ վկայակոչելու ի դեմս ձեզ բոլորիդ Աստծո ու Հայրապետի առջեւ, որ մենք հայ ենք, հայ քրիստոնյա ենք, այդպիսին էլ կմնանք Արցախ աշխարհում եւ եկել ենք ծնրադրելու` ասելով. «Մենք հավատարիմ հոտն ենք Հայ Առաքելական Եկեղեցու, հոգեւոր զավակներն ենք մեր Հայրապետի, եւ մեր ուխտը եկել ենք այստեղ նորոգելու, ավելի զորացնելու, որպեսզի մեր հավատքը փայլելով փայլի եւ լուսավորի մեր փրկության, մեր խաղաղության ճանապարհը դարերով»,- ասաց Սրբազան Հայրն իր քարոզում:
Հանուն Նորին Սրբության եւ Մայր Աթոռի միաբանության ուխտավորներին ողջունեց Մայր Աթոռի դիվանապետ Հոգեշնորհ Տ. Արշակ վրդ. Խաչատրյանը:
Պատարագին ներկա էին բարձրաստիճան հոգեւորականներ, ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Արման Մելիքյանը, պաշտոնատար այլ անձինք, երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետի քույր Եսթեր Սարգսյանը, ազգային բարերարներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, մտավորականներ եւ բազմաթիվ հավատացյալներ:
Ս. Պատարագի վերջում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի մահվան տարելիցի առիթով լուսահոգի Հայրապետի շիրիմի մոտ հանդիսապետությամբ Գարեգին Բ Հայրապետի տեղի ունեցավ հոգեհանգիստ:
Հավարտ Սբ. Պատարագի ուխտավորներին Վեհարանում ընդունեց Նորին Սրբությունը: