Ուղերձ Խաղաղասիրական հանդիպման Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի կրոնական առաջնորդների

Մոսկվա, Սվյատոդանիլով վանք, 26 նոյեմբերի 2003 թ.

Առաջին անգամ չէ, որ հոգեւոր առաջնորդները հավաքվել են Մոսկվայում միասին կոնֆլիկտների լուծման ուղիներ գտնելու, Կովկասյան շրջանում խաղաղություն եւ համերաշխություն բերելու: Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիները, ինչպես նաեւ Ադրբեջանի իսլամական համայնքը ունեն նման բարձր մակարդակի հանդիպումների երկարամյա ավանդույթ, որոնք իրենց ներդրումն ունեցան Կովկասում միջազգային կոնֆլիկտների կարգավորման գործում: Մենք ողջունում ենք այն փաստը, որ այս ընթացքին միացել է Վրաստանի Ուղղափառ Եկեղեցին, որը հայտնի է իր վաղեմի խաղաղասիրական ավանդույթներով: Հույսով ենք սպասում մարտի 2-4-ը կայանալիք ԱՊՀ երկրների երկրորդ միջկրոնական խաղաղասիրական ֆորումին եւ այս երկրների բոլոր հոգեւոր առաջնորդներին դրան մասնակցելու կոչ ենք անում:

Կովկասի մուսուլմանական եւ քրիստոնեական կրոնական գործիչների խելամիտ դիրքը, տարածաշրջանում քրիստոնեական մուսուլմանական երկխոսության պահպանումը թույլ չեն տվել միջազգային տարաձայնություններին վերաճել համընդհանուր քրիստոնեա-մուսուլմանական կոնֆլիկտների: Այնուամենայնիվ, մինչեւ հիմա Կովկասում լարվածություն է պահպանվում. Աբխազիան, Ղարաբաղը, Չեչնիան, Հարավային Օսեթիան (Ցխինվալի շրջանը) մնում են որպես արյունածոր վերքեր: Մենք աղոթք ենք բարձրացնում Ամենաբարձրյալին, որ այսօր այդ շրջաններում չկան լայնածավալ ռազմական գործողություններ: Սակայն գործում են այն ուժերը, որոնք բերում են մահ եւ կործանում: Ահաբեկիչների ավազակային հարձակումների հետեւանքով արյուն է հեղվում: Հազարավոր մարդիկ տառապում են անօրինականությունից եւ անբարեկեցությունից: Դժվարին է դարձել մի քանի ժողովրդների կրոնական, հասարակական, տնտեսական եւ քաղաքական նորմալ կյանքի կոչվելը:

Ահաբեկիչները, ծայրահեղականները եւ քաղաքական արմատականները փորձում են օգտագործել ազգային եւ կրոնական տարբերությունները իրենց նպատակները հիմնավորելու համար, որոնք օտար են ճշմարիտ կրոնին: Այլազգի կամ այլակրոն ներկայացուցչից ստեղծվում է թշնամու կերպար: Այլակրոն կամ այլազգի անձինք հայտարարվում են հիմնական մեղավորներ քաղաքական անկայունության, տնտեսական քայքայման, հոգեւոր անկման`այն բոլոր աղետների համար, որոնք բաժին են ընկել այս կամ այն ժողովրդին: Այդ իսկ պատճառով պայքարը »թշնամու« դեմ ցանկացած միջոցներով ներկայացվում է որպես »սրբազան« գործ: Ազգային եւ կրոնական գաղափարների այսպիսի շահագործումը հաստատում է այդ գաղափարախոսության իր էությամբ ոչ կրոնական տոտալիտար-ազգայնականությունը: Դա աշխատում է այն ուժերի օգտին, որոնք փորձում են արտաքսել կրոնը հասարակության կյանքից, նրա մեջ ցանել անվստահության սերմեր:

Ճշմարիտ հավատքը տանում է ոչ թե դեպի թշնամություն, ազգային կամ կրոնական ամբարտավանություն, այլ դեպի անձնազոհ սեր, խաղաղասիրական եւ բարիդրացիական հարաբերություններ:

Դարձյալ հայտարարում ենք, որ ահաբեկչությունը չի կարող ունենալ կրոնական արդարացում: Դրան դիմում են այն մարդիկ, ում հոգիներում մթագնել է Աստծո կերպարը: Պետությունները պետք է անեն ամեն ինչ, որ դադարեցվի հատկապես Կովկասյան շրջանից դուրս կառավարվող ծայրահեղական խմբերի գործունեությունը: Մասնավորապես, անհրաժեշտ է սահմանել շրջանում առկա զենքերի հսկողությունը եւ ընդհատել ահաբեկչությունը սնուցող ֆինանսական հոսքերը:

Մենք պնդում ենք, որ բոլոր առկա խնդիրները իրենց լուծումը գտնեն միջազգային իրավունքի կանոնների համաձայն: Կոչ ենք անում քաղաքական գործիչներին նոր մղում տալ այն երկխոսությանը, որն ուղղված է բոլոր այն տարաձայնությունների կարգավորմանը, որոնք խանգարում են Կովկասում ամուր խաղաղության ստեղծմանը: Հաստատում ենք, որ հոգեւոր առաջնորդները պատրաստ են իրենց ամենալուրջ մասնակցությունը ունենալ այդ երկխոսությանը:

Կոնֆլիկտները դադարեցնելու եւ ժողովրդների զարգացմանը խաղաղ ընթացք տալու նպատակով անհրաժեշտ է վերականգնել մարդկանց փոխադարձ վստահությունը: Դրա համար հատկապես կարեւոր է աջակցել ազգային փոքրամասնությունների ինտեգրմանը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ապահովել նրանց դավանության եւ կրոնական գործունեության ազատությունը, նրանց հնարավորություն տալ զարգացնել մշակույթը եւ լեզուն: Չի կարելի մոռանալ փախստականների եւ գաղթականների մասին, որոնք կամենում են վերադառնալ իրենց օջախները: Այն անձինք, ովքեր մեղավորությունն են կրում խաղաղ քաղաքացիների մասսայական սպանությունների համար, պետք է պատժվեն համաձայն օրենքի: Սակայն ոչ մեկը չպիտի անարդարացի պատժի կամ հետապնդման ենթարկվի: Չէ° որ անգամ օրենքը խախտող մարդը, նամանավանդ նրա հարազատները, մարդասիրական վերաբերմունքի արժանանալու իրավունք ունեն:

Պետք է ձգտել այն միջազգային համակեցության մշակույթի վերաստեղծմանը, որով միշտ հարուստ է եղել Կովկասը: Այդ կապակցությամբ մենք կրկին ուզում ենք հիշեցնել իշխանավորներին, քաղաքագետներին, գիտնականներին, հասարակական գործիչներին, մշակույթի եւ լրատվամիջոցների աշխատողներին, որ մարդուն չի կարելի ստորացնել կամ փառաբանել ըստ ազգային կամ դավանական հատկանիշների:

Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում Աստծո եւ մարդկանց առջեւ` ամեն մի ասած կամ տպած բառի համար:

Մենք կարծում ենք, որ լրատվամիջոցները, հատկապես` էլեկտրոնային, շատ քիչ ներդրում ունեն միջկրոնական եւ միջազգային համագործակցության աջակցության գործում:

Լայն ճառաբեմ պետք է տրամադրել ոչ թե երկպառակություն եւ թշնամություն սերմացնող ծայրահեղականներին, այլ այն կրոնական եւ ազգային համայնքների առաջնորդներին, որոնք խաղաղություն են քարոզում եւ փոխադարձ երկխոսության են տրամադրված:

Բերկրանքով պետք է նշենք, որ դրամատիկ իրադարձությունները Վրաստանում չեն բերել արյունահեղության: Դրան ոչ պակաս չափով նպաստել էր Վրաստանի Եկեղեցու սկզբունքային խաղաղասիրական դիրքորոշումը: Վերջերս պատահած իրադարձությունների խաղաղ արդյունքի մեջ մենք տեսնում ենք Կովկասյան այլ հակամարտություների արժանավոր լուծման գրավականը եւ շարունակում ենք մեր աղոթքները բարձրացնել վրացական ժողովրդի բարօր եւ խաղաղ կյանքի համար:

Ուզում ենք հիշեցնել յուրաքանչյուրին, որ ներդաշնակ եւ արժանի կյանքը անհնարին է առանց ամուր բարոյական հիմքի: Մեր ժողովրդները միշտ ուժեղ են եղել իրենց հավատարմությամբ մշտական բարոյական արժեքների նկատմամբ, որոնք Արարիչն է հայտնել մեզ: Այդ արժեքները ձեւավորել են մեր մշակույթը, մեր ապրելակերպը: Այդ իսկ պատճառով այսօր մենք պետք է վերականգնենք անձի եւ հասարակության կյանքի բարոյական հիմքերը, վճռականապես հակադրվենք այն արատներին ինչպիսիք են` հարբեցողությունը, թմրամոլությունը, սեռական անառականությունը, հանցագործությունը, բռնության եւ ամենաթողության պաշտանմունքը:

Մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք ազգային մշակութային ժառանգության, հատկապես սրբավայրերի, Աստվածապաշտ վայրերի եւ դամբարանների պահպանման համար: Բարոյական, ոգեշունչ եւ մտավորական մարդը կբերի իր ժողովրդին բարիք եւ խաղաղությամբ կապրի իր հարեւանների հետ:

Այսօր մենք դիմում ենք մեր կրոնների հավատացյալներին: Թույլ մի° տվեք ձեր հոգիներում թշնամություն սերմանել այլադավան կամ այլազզի մարդկանց հանդեպ:

Աղոթքի, հաղորդակցության եւ համատեղ աշխատանքի միջոցով ապաքինեք հակամարտություններով հասցրված վերքերը:

Հիշենք, որ մեր ժողովրդները համատեղ ապրելու բազմադարյա փորձ ունեն:

Մի° լսեք նրանց, ովքեր ատելությունն են հրահրում: Նրանք հետապնդում են իրենց նպատակները, իսկ դուք կտուժեք, եթե նրանց ընդառաջ գնաք:

Մեր աղոթքներն ենք բարձրացնում առ Աստված, որ մեր ղեկավարներին եւ մեր ժողովրդներին դնի խաղաղության եւ բարիդրացիության ճանապարհի վրա:

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Բ

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ

Կովկասյան Ժողովրդների Բարձրագույն Կրոնական Խորհրդի նախագահ, Ադրբեջանի մուսուլմանների հոգեւոր առաջնորդ Շեյխ-ուլ-իսլամ Ալլաշուկյուր Փաշա-զադե: