Մայր տաճարում Ուխտի պատարագ մատուցեց Արագածոտնի թեմի Առաջնորդական տեղապահ Տ. Բագրատ վրդ. Գալստանյանը
Կիրակի, ապրիլի 27-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց հերթական Ուխտի պատարագը: Մայր Տաճարի օծման 1700-ամյակի տոնակատարությունների ծիրից ներս այս անգամ եկեղեցականաց դասի առաջնորդությամբ Սուրբ Էջմիածին էր եկել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի ուխտապահ ժողովուրդը: Օրվա պատարագիչն էր թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Բագրատ վրդ. Գալստանյանը:
«Մենք եկել ենք, Վեհափա°ռ Տեր, օշականաբնակ մեծ սուրբի` Մեսրոպ Մաշտոցի խորհրդով, Արագածի կանթեղի խորհրդով, սուրբ Լուսավորչի քայլած վայրերի խորհրդով տեսնելու մեր հայելին այս տաճարի միջից, եւ մեր սիրտը, միտքը, հոգին դրոշմելու Իջման Ս. Սեղանի խաչի վրա` որպես պատրաստակամություն գործելու եւ ապրելու հայոց այս մեծ տան հոգեւոր վերելքի եւ մեր հայրենիքի ու ազգի պայծառության եւ լուսավոր գալիքի համար», - ասաց Հայր Սուրբը:
Հանուն Նորին Սրբության եւ Մայր Աթոռի միաբանության ուխտավորներին ողջունեց նաեւ Մայր Աթոռի դիվանապետ Հոգեշնորհ Տ. Արշակ վրդ. Խաչատրյանը:
Սրբազան արարողությանը ներկա էին բարձրաստիճան հոգեւորականներ, Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանը, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:
Հավարտ Սբ. Պատարագի ուխտավորների բազմությանը Վեհարանում, հանդիսությունների սրահում ընդունեց Վեհափառ Հայրապետը: