Ուխտի պատարագ մատուցեց ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդը
Սեպտեմբերի 28-ին, Վարագա Ս. Խաչի տոնին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Մայր Տաճարի օծման 1700-ամյակի առիթով ուխտի պատարագ մատուցեց Հայ Եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք. Պարսամյանը: Սրբազան Հոր հետ Մայր Աթոռ էին ժամանել նաեւ վեց տասնյակից ավելի ուխտավորներ, թեմական խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ:
Պատարագի ընթացքին հանուն Ամենայն Հայոց Հայրապետի եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության ուխտավորներին ողջունեց Տ. Ներսես Արք. Պոզապալյանը: Խաժակ Սրբազանը եւս, իր պատգամը հղելով ներկաներին, մասնավորապես նշեց. «Մենք այսօր ԱՄՆ-ից եկել ենք ուխտի այս Սուրբ եւ Անմահ Պատարագով ինքներս մեզ նորոգելու, Վեհափառ Հայրապետի Աջը համբուրելու եւ Էջմիածնի խորհրդով վերանորոգված վերադառնալու Ամերիկա` մեր կյանքը շարունակելու իբրեւ Հայ Եկեղեցու հավատավոր զավակներ եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության այս սրբազնագույն Աթոռի հավատարիմ զինվորներ:
... Ապագային նայելով պետք է հիշենք անցյալը: Բոլոր հայերը, ս. Գրիգոր Լուսավորչի շուրջ հավաքվելով, ստեղծեցին հոգեւոր միասնականություն եւ միատեղ կառույցը` իր Սրբազնագույն Տաճար Սբ. Էջմիածինը: Այսօր էլ մեր օրերում այդ իրականության կարիքն ունենք: Այսօր Մայր Տաճարի կառուցման 1700-ամյակի առիթով այդ հոգեւոր միասնականության կարիքն ունենք, եթե կուզենք որ մեր Հայրենիքը զորանա, սերը, գիտակցությունը, ազնվությունը տարածվի ամեն հայ ընտանիքից ներս եւ հայի կյանքում, պետք է այդ հոգեւոր միասնականությունը ստեղծենք: Առանց Աստծո ներկայության կյանքը չի կարող շարունակվել: Առանց Աստծո ներկայության այս Հայրենիքը չի կարող առաջ ընթանալ: Պետք է իրար սիրենք ու հարգենք, եւ ինչպես պատահեց 1700 տարիներ առաջ, պետք է համախմբվենք մեր Հայրապետի շուրջ, իրեն հետ միատեղ, մեր պետության հետ համատեղ կառուցենք մեր ավանդությունը»:
Ս. Պատարագի ավարտին Նորին Սրբությունն ընդունեց ԱՄՆ Արեւելյան թեմից ժամանած ուխտավորներին` Խաժակ Սրբազանի ուղեկցությամբ:
* * *
Նույն օրը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ս. Պատարագից հետո հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց մասնավոր հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ 2003 թ. օգոստոսի 19-ին Բաղդադի ՄԱԿ-ի գրասենյակում կատարված ահաբեկչական պայթյունի զոհերի:
Ս. Պատարագին եւ հոգեհանգստյան պաշտոնին ներկա էին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ: Հավարտ Ս. Պատարագի դիվանագետներին Վեհարանում ընդունեց Ամենայն Հայոց Հայրապետը: