Ուխտավորներ Գերմանիայից այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Ուխտավորներ Գերմանիայից այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին 18.07.2017

Հուլիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայից Քյոլնի համալսարանի մի խումբ կաթոլիկ ու բողոքական աստվածաբանների և գիտնականների:

Խմբի ղեկավար և Կաթոլիկ Եկեղեցու Գերմանիայի Եպիսկոպոսաց ժողովի խոսնակ Մաթթիաս Կոպպը Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտավորներին` ուրախություն հայտնելով Հայաստան և Մայր Աթոռ իր հերթական այցի առիթով:

Այնուհետև ուխտավորներին ողջունեց և իր հայրապետական օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը կարևորեց նման ուխտագնացությունների կազմակերպումը` ընդգծելով, որ այսօրինակ այցելությունները, որոնք գալիս են ամրացնելու և զորացնելու ազգերի ու Եկեղեցիների միջև հարաբերությունները, հաճելի են և ոգևորիչ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում հաստատեց, որ Հայոց Եկեղեցին սերտորեն համագործակցում է այլ Եկեղեցիների հետ` իր ներդրումը բերելով աշխարհում մարդկանց և պետությունների խաղաղ գոյակցությանն ուղղված ջանքերում:

Վերջում Վեհափառ Հայրապետն ուխտավորներին մաղթեց բարի կեցություն Հայաստանում և վստահեցրեց, որ ուխտավորներն այս օրերին անկասկած կզգան մեր ժողովրդի հյուրընկալ ոգին:

Զրույցի ընթացքում նաև անդրադարձ կատարվեց Հայաստանում և Սփյուռքում հոգևոր վերաթնությանը, ինչպես նաև Հայոց Եկեղեցու ներկայիս գործունեությանը սոցիալական, կրթական և քարոզչական ոլորտներում: Նորին Սրբությունը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցաշինությանը, Հայաստանի կյանքին և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայ Եկեղեցու խաղաղարարական առաքելությանը:

Հանդիպմանը ներկա էր Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: