Ոտնլավայի կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ոտնլավայի կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 01.04.2021

Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին կատարվեց Ոտնլվայի արարողությունը:

Հընթացս արարողության, աղոթքների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը։

Այնուհետև Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, ապա, Աստվածորդու օրինակով ծունկի գալով, հոգեպարար շարականների երգակցության ներքո լվաց և յուղով օծեց մի շարք հայորդիների ոտքեր: Նրանց թվում էին Մայր Աթոռի միաբաններ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը և Տ․ Հուսիկ աբեղա Սմբատյանը, արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ մայոր Ստեփան Ալեքսանյանը և սերժանտ Արթուր Իգիթյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սան Նարեկ ուրարակիր Մարկոսյանը, «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Սարո Արթենյանը և Նորայր Պետրոսյանը, արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած քաջարի հայորդիների զավակներից Նարեկ Աբրահամյանը, Ավետիք Վարդանյանը, Լևոն Մարտիրոսյանը և Սահակ Անդրեասյանը, Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի սան Սամվել Ադոյանը, ինչպես նաև այլ մանուկներ՝ Մհեր Կոնդյանը, Դավիթ Կուզիկյանը և Դավիթ Թադևոսյանը։

Արարողությունն ամփոփվեց Ավետարանի ընթերցմամբ և Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքով, որից հետո օրհնված յուղը բաժանվեց ներկա հավատացյալներին: