Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մի խումբ թուրք մտավորականների
Դեկտեմբերի 8-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Արեւելյան խորհրդաժողովի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում Թուրքիայից Հայաստան ժամանած շուրջ երեսուն մտավորականների` ուղեկցութամբ «Ակոս» եւ «Ժամանակ» թերթերի գլխավոր խմբագիրներ Հակոբ Դինքի եւ Արա Գոչունյանի:
Ներկայացնելով հանդիպման մասնակիցներին` «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Դինքը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` հատկապես նշելով, որ ծրագրի մասնակիցների նպատակն է ավելի մոտիկից ճանաչել Արեւելքում իրենց հարեւաններին, ծանոթանալ նրանց մշակութային, քաղաքական, տնտեսական եւ կրոնական կյանքին:
Վեհափառ Հայրապետը ողջունեց ներկաներին եւ հանդես բերված նախաձեռնությունը` նշելով. «Մտավորականությանը կարեւոր առաքելություն է վերապահված ինչպես երկրների ներազգային ու հասարակական կյանքում, կրթության ու դաստիարակության գործում, այնպես եւ ժողովուրդների ու երկրների փոխհարաբերությունների ձեւավորման, մերձեցման եւ զարգացման մեջ»:
Հանդիպման ընթացքում, ի պատասխան թուրք մտավորականների հարցումների, Նորին Սրբությունը ներկայացրեց Հայ Եկեղեցու առաքելությունը խորհրդային եւ Հայաստանի անկախ պետականության ներկա ժամանակներում` առանձնակիորեն անդրադառնալով հայ ժողովրդի համազգային կյանքում, միջեկեղեցական ու միջկրոնական հարաբերությունների ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծավալած գործունեությանը: Հայաստան-Թուրքիա ներկա հարաբերությունների առնչությամբ Վեհափառ Հայրապետը մասնավոր անդրադարձ ունեցավ Հայոց Ցեղասպանությանը` շեշտելով, որ ցեղասպանությունը պատմական իրողություն է, որը չի կարող քննարկման հարց լինել:
Տարածաշրջանում, ինչպես եւ Մերձավոր Արեւելքում առկա ազգամիջյան հակամարտությունների հարցի առնչությամբ Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հարկ է զերծ մնալ կոնֆլիկտներին կրոնական հենք եւ երանգավորում հաղորդելուց` հակամարտությունների լուծման ու կարգավորման կարեւորագույն ճանապարհ նկատելով նաեւ միջկրոնական երկխոսությունը: Եզրափակելով իր խոսքը` Նորին Սրբությունը հաջողություններ մաղթեց «Արեւելյան խորհրդաժողովի նախաձեռնության» առաքելությանը:
Հանդիպմանը ներկա էին Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը եւ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: