Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին
Սեպտեմբերի 9-ին` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Խաթամիին:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար, անդրադարձավ երկու երկրների հարաբերություններին եւ դրանց զարգացման հեռանկարներին:
«Այցելությունն այս սրբավայր է°լ ավելի իմաստավորեց Հայաստանի Հանրապետություն մեր այցը»,-իր խոսքում նշեց Մոհամմադ Խաթամին:
«Ինչպես աշխարհասփյուռ մեր բոլոր հայորդիները, այնպես էլ Իրանում ապրող մեր ժողովրդի զավակները խաչակնքելիս միշտ իրենց հայացքը դարձրել են դեպի Սուրբ Էջմիածինը»,-նշեց Նորին Սրբությունը` անդրադառնալով իր զավակների կյանքում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելությանը եւ շեշտելով Իրանի իշխանությունների բարեխնամ վերաբերմունքը Մայր Աթոռի հանդեպ դարերի ընթացքում: Հայոց Հայրապետն իր ուրախությունը հայտնեց, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները նոր զարգացում եւ առաջընթաց են ապրում` մաղթելով, որ այս այցելությամբ դրանք է°լ ավելի ամրապնդվեն եւ զորանան` ի փառս Աստծո եւ ի բարօրություն մեր երկու բարեկամ ժողովուրդների:
Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց այն ուշադրության եւ հոգատարության համար, որ Իրանի իշխանությունները հարյուրամյակներ շարունակ դրսեւորել են հայ համայնքի հանդեպ` հնարավորություն ընձեռելով, որ այն ազատորեն ապրի իր ազգային-մշակութային ու հոգեւոր կյանքով:
Հանդիպման ընթացքում կարեւորվեց նաեւ հոգեւոր առաջնորդների դերն ու առաքելությունը տարածաշրջանի խնդիրների լուծման գործում:
Հանդիպմանը ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ վրդ. Խաչատրյանը, Տ. Անուշավան վրդ. Ժամկոչյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գ. Ղարիբջանյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ա. Հաղիղյանը եւ այլ պաշտոնատար անձինք: