Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հայ կանանց
Սուրբ Աստվածածնի ավետման տոնի եւ մայրության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շնորհավորական ուղերձ է հղել հայ կանանց: Հայրապետական ուղերձում մասնավորաբար ասվում է. "Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին Ավետման տոնի առիթով եւ շնորհավորում կանանց` Մայրության օրվա կապակցությամբ:
Ամենօրհնյալ Աստվածամոր կերպարը օրինակ է կատարյալ հավատի, սիրող մոր, հոգեւոր առաքինազարդ գեղեցկության, ում կյանքը ընծայաբերում եղավ Քրիստոսի փրկչական առաքելությանը: Արդար է, որ Ավետման տոնը հիշատակում ենք նաեւ իբրեւ տոն մայրության` վերստին կարեւորելով մոր եւ կնոջ դերը ընտանիքում, սերն ու նվիրումը զավակներին, ազնիվ ջանքերը հայրենի մեր երկրի ու հասարակական կյանքի առաջընթացին եւ մեր ազգային-եկեղեցական կյանքի պայծառությանը: Թող Տիրոջից օրհնվեն բոլոր մայրերը` ապրելու բարօր ու երջանիկ կյանքով, կրթելու հավատավոր ու նվիրյալ զավակներ, եւ թող Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Բարձրյալն Աստված խաղաղության մեջ պահպանի աշխարհը համայն, մեր Հայրենիքն ու ժողովրդին":