Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Գուգարաց թեմի Արեւաշող գյուղի նորակառույց Ս.Աստվածածին եկեղեցին
Դեկտեմբերի 9-ին, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ընթերակա եպիսկոպոսների, օծվեց Գուգարաց թեմի Արեւաշող գյուղի նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցին:
Եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2003թ. օգոստոսին` ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի: Եկեղեցին կառուցվել է դոնեցկաբնակ Սամվել Ադամյանի բարերարությամբ:
Վեհափառ Հայրապետի շքախմբին Սպիտակի սահմանագլխին դիմավորեցին մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները` գլխավորությամբ առաջնորդ Սրբազան Հոր եւ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի, եւ առաջնորդեցին դեպի Արեւաշող գյուղ, ուր նորակառույց եկեղեցու մատույցներում Հայոց Հայրապետին աղ ու հացով սպասում էին բազմաթիվ հայորդիներ:
Եկեղեցում Նորին Սրբությանը ողջունեց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոսը: «...Հայոց Հայրապետն է այսօր մեզ հետ, որ եկել է Ս. Էջմիածնից իր հոգեւոր զավակներին մխիթարելու, օրհնելու եւ օծելու այս քարաշեն սրբազան տաճարը: Օծելով այս եկեղեցին` Վեհափառը մեզ օրհնելու է, որ այսուհետ այս տաճարը դառնա հոգեղեն ամրոց հայոց հավատքի»,-նշեց Սրբազան Հայրն իր խոսքում` հրավիրելով Վեհափառ Հայրապետին Սրբալույս Մյուռոնով օծելու եկեղեցին:
Հոգեզմայլ շարականների երգեցողության ներքո Նորին Սրբությունն օծեց Ս. Սեղանը, այնուհետեւ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արք. Բունիաթյանի, Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանի եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանի, Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի ձեռամբ օծվեցին նորակառույց աղոթատան Մկրտության Ս. Ավազանը եւ սյուները:
Վերջում ներկաներին իր օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Այսօր նոր օրհնություն է ցողվում երկնքից Արեւաշող գյուղի վրա, քանզի ձեզ հետ միասին աղոթքով եւ օրհներգությամբ օծեցինք նորակառույց այս եկեղեցին Ս. Աստվածածնի անունով: Այս եկեղեցու դռներն այուհետ բացվելու են ձեր առջեւ, որպեսզի գաք Ս. Սեղանի առջեւ Աստծո ներկայությամբ ձեր աղոթքը երկինք վերառաքելու եւ ձեր խնդրանքն Աստծուն մատուցելու համար, որպեսզի կյանքը ձեր ընթանա Ավետարանի պատվիրանների ու պատգամների համաձայն եւ բարիք հեղվի երկնքից ձեր կյանքին: ...Եկեղեցին հայկական 1700 տարիներ ի վեր եղել է հայ ժողովրդի հոգու ծննդավայրը, ուր ամրացել է հայի հավատքը, կերտվել նրա արի կամքը եւ ոգին եւ կարող դարձել դիմակայելու բազում փորձությունների, որ բաժին են ընկել պատմության ընթացքին մեր ժողովրդին: Այսօր պակաս փորձությունների միջով չի անցնում մեր ժողովուրդը. տնտեսական դժվարություններ, բարոյական ոչ ցանկալի վիճակ հայրենական մեր կյանքում, բազում հարձակումներ հոգեւոր ոլորտից ներս, որոնք ցանկանում են խաթարել եւ սասանել հայի դարավոր հավատքը: Բայց մենք վստահ ենք ու հավատացած, որ յուրաքանչյուր եկեղեցի, որ իր դռներն է բացում հավատացելոց առջեւ դառնալու է մի նոր ամրոց մեր հոգեւոր կյանքի, անառիկ բերդ մեր զորեղ հավատքի, որպեսզի պահի ու պահպանի ազգս հայոց ամբողջ ու անխռով, միասնական ու միաբան»,- նշեց Հայոց Հայրապետը:
Վեհափառ Հայրապետը նաեւ իր գնահատանքը հայտնեց Գուգարաց թեմի առաջնորդ Սրբազան Հորը նախանձախնդիր եւ անձնվեր ծառայության համար, մարզային իշխանություններին, որոնք աջակցում են Սեպուհ Սրբազանին իր առաքելությունն իրագործելու գործում:
Ի գնահատություն Սամվել Ադամյանի եկեղեցանվեր գործունեության` Վեհափառ Հայրապետը նրա կուրծքը զարդարեց Հայ Եկեղեցու բարձրագույն «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: Վեհափառը նորակառույց եկեղեցուն նվիրեց նաեւ Ս. Հաղորդության Սկիհ: «Այս եկեղեցին քարեղեն կառույց է մնալու, եթե հանապազօրյա աղոթք չհնչի այս կամարների ներքո»,-ասաց Նորին Սրբությունը` հորդորելով արեւաշողցիներին անսասան պահել իրենց հավատքը, հավատարմությունը նախնյաց ոգուն եւ հայրերի ժառանգությանը: