Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Ֆրանսիա
Սեպտեմբեր 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու Լիոնի առաջնորդ Կարդինալ Բարբարենի եւ Ս. Էջիդիո Միջազգային խաղաղասիրական համայնքի հրավերով մեկնելու է Լիոն` մասնակցելու սեպտեմբերի 11-13-ը կայանալիք խաղաղությանը նվիրված միջեկեղեցական համաժողովին:
Սեպտեմբերի 11-ին, բացման հանդիսավոր Պատարագի ընթացքում, Վեհափառ Հայրապետն իր պատգամը կհղի ներկաներին, իսկ սեպտեմբերի 13-ին կնախագահի փակման էկումենիկ աղոթքի հանդիսավոր արարողությունը:
Խաղաղությանը նվիրված միջազգային կոնֆերանսին մասնակցելու են եկեղեցիների պետեր ու բարձրաստիճան հոգեւորականներ Կաթոլիկ, Ուղղափառ, Անգլիկան, Բողոքական եկեղեցիներից, ինչպես նաեւ միջազգային էկումենիկ կազմակերպությունների եւ այլ կրոնների ներկայացուցիչներ: Կոնֆերանսին ներկա կլինեն նաեւ բարձրաստիճան պետական այրեր Ֆրանսիայից եւ այլ երկրներից:
Վեհափառ Հայրապետին Լիոնի օդանավակայանում կդիմավորեն Կարդինալ Բարբարենի ղեկավարած պատվիրակությունը, ինչպես նաեւ ներկայացուցիչներ տեղի հայ համայնքից` Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Տ. Նորվան եպս. Զաքարյանի գլխավորությամբ:
Վեհափառ Հայրապետին որպես գավազանակիր ուղեկցում է Գեւորգյան Ճեմարանի փոխտեսուչ Հոգեշնորհ Տ. Վազգեն աբեղա Նանյանը: