Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն 15.03.2004

Մարտի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն:

Ողջունելով Վրաստանի Հանրապետության նախագահի այցը համայն հայության հոգեւոր կենտրոն` Վեհափառ Հայրապետը շնորհավորեց Միխայիլ Սահակաշվիլուն նախագահ ընտրվելու կապակցությամբ` մաղթելով, որ Աստծո օգնականությամբ նա իր ծառայությունը բերի բարեպաշտ վրաց ժողովրդին:

«Մենք շահագրգիռ ենք, որ Վրաստանը եւ աստվածասեր վրաց ժողովուրդն ապրեն խաղաղ, բարգավաճ եւ բարօր կյանքով, քանզի փոխկապակցված է մեր երկու ժողովուրդների կյանքը»,- նշեց Նորին Սրբությունն իր խոսքում:

Հանդիպան ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձավ Հայ Առաքելական Եկեղեցու եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցու միջեւ առկա հարաբերություններին, ինչպես նաեւ վիրահայոց թեմին ու վրացահայությանը հուզող խնդիրներին:

Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին ջերմ ընդունելության համար եւ Գարեգին Բ Կաթողիկոսին փոխանցեց Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի եղբայրական ողջույնն ու բարեմաղթանքը: Նա անդրադարձավ նաեւ երկու հանրապետություններին հուզող խնդիրներին եւ հույս հայտնեց, որ դարերի փորձությունն անցած բարեկամության եւ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի բարեկեցիկ կյանք ապահովել հայ եւ վրաց ժողովուրդների համար:

«Ես խորին հարգանք եմ տածում Ձերդ Սրբության եւ Հայ Եկեղեցու հանդեպ, եւ որպես Վրաստանի Հանրապետության նախագահ, ամեն ինչ պիտի անեմ մեր երկու եղբայրական ժողովուրդների եւ եկեղեցիների միջեւ առկա հարաբերություններն առավել զորացնելու եւ ամրապնդելու համար»,-նշեց Վրաստանի Հանրապետության նախագահը:

Հանդիպման ավարտին Վրաստանի նախագահը շրջեց Վեհարանի թանգարանում եւ մոմ վառեց Ս. Էջմիածնի Մայր Տաճարում:

Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ վրդ. Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Գեորգի Խոսրոեւը, Ջավախքում Վրաստանի նախագահի ներկայացուցիչ Նիկոլոզ Նիկոլոզիշվիլին, Վրաստանի կառավարության անդամներ եւ պատգամավորներ: