Նորին Սրբությունն աղոթում է զոհված չորս քաջարի զինվորականների հոգու հանգստության համար
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոր ցավն է արտահայտել Որոտան-Խնձորեսկ ճանապարհին զինվորական մարդատարի ողբերգական վթարի կապակցությամբ։
Նորին Սրբությունն աղոթում է զոհված չորս քաջարի զինվորականների հոգու հանգստության համար, խորապես ցավակցում նրանց ընտանիքներին և հարազատներին:
Վեհափառ Հայրապետը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է ուղղում վիրավոր զինվորներին:
Հայոց Հայրապետի օրհնությամբ ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական բաժնի տնօրենը և թեմակալ առաջնորդները ամենայն աջակցություն են բերել և մխիթարություն են բաշխել զոհված զինվորների հարազատներին: Նրանք այցելելու և գոտեպնդելու են վիրավորված զինվորներին:
Առաջիկա կիրակի օրը՝ նոյեմբերի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կմատուցվի հոգեհանգստյան պաշտոն ի հանգիստ հոգվոց զոհված հայրենյաց պաշտպան զինվորների: