Նորին Սրբությունը շնորհավորել է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին
Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 15-ին շնորհավորական նամակ է հղել Նորին Գերազանցություն Մուհամմեդ Հոսնի Մուբարաքին՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Նամակում Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել նորանկախ Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև զարգացող կապերը և հաստատել, որ հարաբերությունները օգուտ են բերել ոչ միայն երկու երկրներին, այլև ողջ տարածաշրջանին։ Ամենայն Հայոց Հայրապետը նաև հայ ժողովրդի անունից իր երախտագիտությունն է հայտնել Եգիպտոսի նախագահին և իշխանություններին՝ հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած հոգատար և բարի վերաբերմունքի համար։
Նորին Սրբությունը եզրափակել է նամակը՝ խնդրելով Աստծուն խաղաղություն և հաշտություն շնորհել բոլոր ազգերին ու բոլոր ժողովուրդներին, ամրապնդել հայ և եգիպտացի ժողովուրդների բարեկամությունն ու համերաշխությունը։