Նոր նշանակում` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական բարձր տնօրինությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Տ. Անուշավան վարդապետ Ժամկոչյանը նշանակվել է Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգեւոր հովիվ:
Հոգեշնորհ Հայր Սուրբը Գերմանիայի Վիլհելմի համալսարանում կանոնական իրավունքի ասպարեզում գիտությունների թեկնածուի աստիճան ստանալուց հետո վերադարձել է հայրենիք` իր հոգեւոր ծառայությունը շարունակելու Մայր Աթոռում:
* * *
Անուշավան վարդապետ Ժամկոչյան
(ավազանի անունը` Անդրանիկ)
Ծնվել է 1971-ին Էջմիածին քաղաքում:
Միջնակարգ կրթությունն ստացել է Վահան Ռշտունու անվան թիվ 11 միջն. դպրոցում:
1989-1994թթ. սովորել է Գեւորգյան Հոգեւոր ճեմարանում` պաշտպանելով ավարտաճառ «Մովսես Ջուղայեցու «Ժողովածու ի պետս բանասիրաց» թեմայով:
1993թ.-ին ձեռնադրվել է սարկավագ:
1995-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա ձեռամբ Տ. Ասողիկ եպս. Արիստակեսյանի:
1994-98թթ. որպես ազատ ունկնդիր ուսանել է Երեւանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայում: Միաժամանակ Գեւորգյան Հոգեւոր ճեմարանում դասավանդել է եկեղեցական երաժշտություն:
1998-2000թթ. հոգեւոր երաժշտություն է ուսանել Գերմանիայի Զագսն-Անհալտի Հալլը/Զաալը քաղաքի Բարձրագույն Ավետարանական հոգեւոր երաժշտության դպրոցում:
2000-2001թթ. Մարտին Լյութեր համալսարանում ուսանել է գերմաներեն լեզու:
2001թ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պաշտպանել է վարդապետական թեզ «Կոմիտասը եւ հայ եկեղեցին» թեմայով:
2001թ-ից «Իրավաբանություն եւ եկեղեցու իրավունք» է ուսանել Գերմանիայի Մարտին Լյութեր համալսարանի իրավաբանության ֆակուլտետում:
2002-2004թթ. Վիլհելմի համալսարանում ուսանել է եկեղեցու կանոնական իրավունք:
2004թ. պաշտպանել է թեկնածուական թեզ «Հայ եկեղեցու իրավունքի հիմունքները 4-20-րդ դարերում» թեմայով` կանոնական իրավունքի ասպարեզում ստանալով գիտությունների թեկնածուի աստիճան: