Նոր հրատարակություններ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբան Հոգեշնորհ Տ. Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի «Ս. Գրիգոր Տաթևացին և նրա բարոյախոսությունը» ռուսալեզու աշխատությունը և Սիլվա Պետրոսյանի «Դավիթ Անհաղթի հոգու խնամքի իմաստասիրությունը և արդիականությունը» մենագրությունը:
«Ս. Գրիգոր Տաթևացին և նրա բարոյախոսությունը» գրքում Հայր Ղևոնդը ընթերցողին ծանոթացնում է հայ ժողովրդի պատմության տարբեր դրվագներին, բացահայտում է նրա ոգին ու էությունը, ինչպես նաև Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացու ստեղծագործությունների քննությամբ ներկայացնում մեծագույն վարդապետի բարոյախոսությունը, որն արդիական է նաև մեր ժամանակներում: Երկում անդրադարձ է կատարվում նաև քրիստոսաբանական վեճերին:
Փ.գ.դ. Սիլվա Պետրոսյանի մենագրությունը նվիրված է հայ ամենաազդեցիկ իմաստասեր Դավիթ Անհաղթի փիլիսոփայական մարդաբանությանը և նրա շնորհիվ հայոց սեփականությունը դարձած հին աշխարհի մեծագույն նվաճումներից մեկին՝ հոգու խնամքի իմաստասիրական մշակույթին: Դավիթ Անհաղթի ուսմունքը հին հունական քաղաքակրթության մեջ բյուրեղացած կարևորագույն մարդաստեղծ սկզբունքի՝ հոգու խնամքի մշակույթի ժառանգորդն է և դրա փոխանցողը հայոց մշակութային աշխարհին: Դավիթ Անհաղթը կարողացել է գտնել մարդու հիմնախնդրի այնպիսի համադրական լուծում, որն ի զորու է ծառայելու տարբեր մշակութային աշխարհների պատկանող մարդկանց, քանի որ պարունակում է խոր հավատ մարդու վեհացման և ինքնամշակման կարողության հանդեպ:
Երկու աշխատությունները հրատարակվել են մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: