Նոր հրատարակություններ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մայր Աթոռի միաբան, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի «Քարոզներ և ակնարկներ» ժողովածուն և Ավագ Հարությունյանի հեղինակած «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասարակական և դիվանագիտական գործունեությունը (1918-1920 թթ.)» աշխատությունը:
Առաջին գրքում քարոզների հետ միասին ի մի են բերված քրիստոնեական հավատի ամենատարբեր հարցերի, ազգային-եկեղեցական իրադարձությունների, տոների մասին տարիների ընթացքում հեղինակի գրած դատողությունները՝ խմբագրականների ու կարճ ակնարկ-պատումների ձևով:
Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված երկրորդ հրատարակությունում վերլուծված են 1918-1920 թթ. Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու ներքին դրության քաղաքական ասպեկտները, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դերը ՀՀ միջազգային հարաբերությունների համակարգում, Մայր Աթոռի արտաքին գործունեությունը, Մայր Աթոռ-ՀՀ փոխհարաբերությունների համակարգը, Մայր Աթոռի վերաբերմունքը ՀՀ ներքին և արտաքին քաղաքական կյանքում տեղ գտած երևույթների հանդեպ:
Առաջինը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ, իսկ երկրորդ գիրքը՝ պրն. Վահան Մարտիրոսյանի հովանավորությամբ: