Նոր հրատարակություններ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մկրտիչ Ա Խրիմյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Դրախտի ընտանիք», «Պապիկ եւ Թոռնիկ», «Սիրաք եւ Սամուել» բարոյախրատական երկերի ժողովածուն և գրող, հրապարախոս Ռազմիկ Դավոյանի «Համատարած Թումանյան» մենագրությունը:
Խրիմյան Հայրիկի երկերի ժողովածուն, որ տպագրվում է Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի կողմից 2019 թվականն Ընտանիքի տարի հռչակելու առիթով, հորդորներ ու խրատներ է տալիս հայ երիտասարդին` քրիստոնեական արժեքներով և սկզբունքներով ամուր ընտանիք կազմելու համար, բարոյախրատական դասեր բովանդակում` աշխարհի, մարդու, նրա կոչման, հասարակական կյանքում ունեցած պարտականությունների և իրավունքների մասին: Գիրքը արևելահայերենի են փոխադրել Ա. Մադոյանն ու Վ. Պարանյանը:
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առիթով հրատարակված Ռ. Դավոյանի «Համատարած Թումանյան» աշխատությունը նվիրված է բանաստեղծի՝ հայ մարդ-անհատ և հայ հասարակություն կերտելու կամովին ստանձնած առաքելությանը: Մենագրության մեջ ոչ մեծ, բայց կարևոր մի բաժին է հատկացված նաև Թումանյանի և Նարեկացու ստեղծագործական ու գաղափարական առնչություններին:
Գրքերը հրատարակվել են «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: