Նոր հրատարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը լույս են ընծայել «Ոսկանյան Աստվածաշնչի պատկերները» գիրքը` նվիրված Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրության 350-ամյակին: Գրքի մտահղացման հեղինակը Մայր Աթոռի Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանն է:
Ոսկանյան Աստվածաշունչը ոչ միայն առաջին հայերեն տպագիր Աստվածաշունչն է, այլև` այն քչերից մեկը, որ իր մեջ պարունակում է փորագրապատկերներ: Գիրքը նվիրված է Ոսկանյան Աստվածաշնչում տեղ գտած փորագրապատկերներին: Պատկերների հրատարակության հետ մեկտեղ բացատվում են յուրաքանչյուր պատկերի պատկերագրական առանձնահատկություններն ու զուգահեռները, բերվում են նաև դրանց վերաբերող սուրբգրային հատվածները: Առանձին հավելվածով ներկայացված են Ոսկանյան Աստվածաշնչում օգտագործված գլխագրերը, վերջնազարդերը և էջազարդերը:
Նկարների մեկնաբանությունները պատրաստել է Արփինե Սիմոնյանը, խմբագիրն է Գևորգ Տեր-Վարդանյանը:
Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: