Նոր հրատարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել ճարտարապետ, շինարարական արվեստի պատմաբան Լիպարիտ Սադոյանի «Մեսրոպաստեղծ հայոց գրապատկերների կազմության սկզբունքները» աշխատությունը:
Գրքում փորձ է արվում ներկայացնելու Ս. Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի տառապատկերների կազմությունը, տառանշանները կազմելու, հնչյունները պատկերավորելու սկզբունքները` սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող այս խնդրի լուծման միակ ճանապարհ նկատելով V-VII դարերում փորագրված վիմագիր արձանագրությունների տառերի պատկերների ուսումնասիրությունը:
Անտիպ այս աշխատությունը հրատարակության են պատրաստել Հայկ Սադոյանը և Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը:
Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: