Նոր հրատարակություն
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Իոհան ավագերեց Մեյենդորֆի «Ամուսնությունն ուղղափառության մեջ» գիրքը (ռուսերենից թարգմանությունը և ծանոթագրությունները Տ․ Անդրեաս վրդ․ Եզեկյանի):
Իոհան ավագերեց Մեյենդորֆը 20-րդ դարի ականավոր ուղղափառ աստվածաբաններից է, ով նշանակալի ավանդ է բերել հատկապես բյուզանդական աստվածաբանական մտքի ուսումնասիրման և վերհանման գործում։ Նրա հարուստ գիտական ժառանգության մեջ իր ուրույն տեղն ունի «Ամուսնությունն ուղղափառության մեջ» աշխատությունը, որը թարգմանվել և հրատարակվել է բազմաթիվ լեզուներով։ Ուսմնասիրության մեջ հեղինակը հանրամատչելի, սակայն գիտական բարձր մակարդակով ներկայացնում է ամուսնության քրիստոնեական ընկալման հիմքերը, վերհանում դրա ձեւավորման և զարգացման ընթացքը։ Հեղինակը քննում է ամուսնության հուդայական, հռոմեական և քրիստոնեական ընկալումների տարբերություններն ու նույնությունները, ներկայացնում քրիստոնյայի կյանքում ամուսնության նշանակությունն ու իմաստը, ինչպես նաև անդրադառնում ամուսնության վերաբերյալ ուղղափառ եկեղեցիների որդեգրած տեսակետներին ու արդի մարտահրավերներին։
Այսպիսով՝ սույն հանրամատչելի ուսումնասիրության հրատարակումը հնարավորություն է տալիս հայ ընթերցողին ծանոթանալու քրիստոնեական ամուսնության ձևավորման ու զարգացման ընթացքին, ինչպես նաև դրա վերաբերյալ բյուզանդական ուղղափառ ավանդությանը պատկանող եկեղեցիների ունեցած տեսակետներին և առանձնահատկություններին, որոնք մեծավ մասամբ նույնական են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ընկալումներին։
Աշխատության թարգմանությունը կատարվել է բարեխիղճ և գրագետ, թարգմանիչը հայերեն բնագիրն օժտել է բազմաթիվ օգտաշատ ծանոթագրություններով ու բացատրություններով։